ԵԱՀԿ ղեկավարությունը մտադիր է ուղևորվել Բելառուս
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, ինչպես նաև այս պաշտոնը ստանձնող հաջորդ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն դիմել են Բելառուսի իշխանություններին՝ այցի կազմակերպման խնդրանքով, հայտնում է «Sputnik-Բելառուսը»՝ վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությանը։
Կազմակերպությունից նշել են, որ ուշադիր հետևում են երկրի իրավիճակին և կարծում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է «անկեղծ ու կառուցողական երկխոսություն»։
«Այս պատճառով ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և այս պաշտոնը ստանձնող հաջորդ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Բելառուսի իշխանություններին պաշտոնապես առաջարկել են այցով ժամանել երկիր՝ հանդիպելու կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
ԵԱՀԿ-ից նաև ընդգծել են «ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների լիակատար պահպանման հրատապ անհրաժեշտությունը, ներառյալ մարդու հիմնական ազատությունների և իրավունքների աջակցումն ու պաշտպանությունը, ինչպես նաև (Բելառուսի) ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը»։
Ռաման նաև մտահոգություն է հայտնել ընտրությունների անցկացման պայմանների կապակցությամբ, որոնց ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոն հետևելու հնարավորություն չի ունեցել, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, զանգվածային ձերբակալությունների և իրավապահ մարմինների դաժան պահվածքի կապակցությամբ, տեղեկացնում է News.am-ը: