Աղաջանյանը հերքում է իր իսկ գրածը

«Դեռևս 2019 թվականին ինձ հասած որոշ տեղեկությունների համաձայն, կային որոշ չարաշահումներ ու ռիսկեր։ Այդ տեղեկատվությունը ստանալուն պես անձամբ ինքս դիմել եմ Պետական վերահսկողական ծառայություն»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը՝ անդրադառնալով կառավարական առանձնատների վերանորոգման ժամանակ չարաշահումների գործին։

Նրա խոսքով, ինքը դիմել է ծառայություն ու խնդրել, որ ստուգումներ իրականացնեն տվյալ ՊՈԱԿ-ում, նշված ռիսկերի պարագայում ընթացք տան գործին ու փոխանցեն իրավապահ մարմիններին։

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ է։ Աղաջանյանն ասաց, տնօրեն Արեգ Սավգուլյանն ազատված չէ աշխատանքից։

Մինչդեռ ֆեյսբուքյան իր գրառման մեջ մինչ խմբագրումը հավաստել էր հակառակի մասին։

Ինչևէ, այսօր ԱԺ-ում Աղաջանյանն ասաց, Սավգուլյանի լիազորությունները դադարեցված են՝ հաշվի առնելով քրեական գործը, որով նա անցնում է, եթե ապացուցվի մեղքի բացակայությունը, ապա Սավգուլյանը կվերականգնվի աշխատանքում, հակառակ դեպքում կկրի պատասխանատվություն։

«Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, պարոն Սավգուլյանը բազմիցս հրավիրվել է քննչական մարմին»,-ասաց նա, տեղեկացնում է Panorama.am: