Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված արգելել են հարսանիքները, հոբելյանները և հոգեհացերը

Վրաստանի իշխանությունները համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված որոշում են ընդունել մի շարք սահմանափակումներ մտցնելու մասին, հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, փոխանցում է «Sputnik-Գրուզիան»։

Վրաստանում նախօրեին սահմանվել էր կորոնավիրուսով վարակակիրների հայտնաբերման նոր հակառեկորդ՝ մեկ օրում 45 դեպք։ Նրանց մեծ մասը բաժին է ընկնում Աջարիա սևծովյան երկրամասին, որտեղ եղել է հանգստացողների մեծ հոսք։

«Մի քանի օր առաջ մենք ներկայացրել էինք սահմանափակումների հանումը և թատրոնների ու կինոթատրոնների բացումը, որոնց մի մասը պետք է բացվեր սեպտեմբերի 15-ից, իսկ մի մասը՝ հոկտեմբերի 1-ից, սակայն հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ որոշվել է այս օբյեկտների բացումը մեկ ամսով հետաձգել՝ մինչև նոյեմբերի 1-ը, ինչպես նաև մանկական զվարճանքի կենտրոնների բացումը»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։

Դրանից բացի, երկրում սեպտեմբերի 10-ից արգելված է հոբելյանների, հարսանիքների, հանդիսությունների և այլ արարողությունների անցկացումը։

Հասարակական միջոցառումների անցկացումն արգելվում է ինչպես փակ տարածքում, այնպես էլ փողոցում։

«Այս սոցիալական միջոցառումները վաղվանից արգելվելու են, մենք վերադառնալու ենք նախկինում գոյություն ունեցող սահմանափակումներին՝ նկատի է առնվում հարսանիքների, հոգեհացերի և հոբելյանների անցկացման արգելքը։ Այս սահմանափակումն արդեն գործում է փակ տարածքներում, իսկ վաղվանից կտարածվի նաև բացօթյա տարածքների վրա»,- ասել է Մեզվրիշվիլին։

Վաղվանից արգելվում են ավելի քան 200 մարդու մասնակցությամբ մշակութային և սպորտային միջոցառումները։

Մեզվրիշվիլիի խոսքով՝ այս կանոններին չհետևելու համար նախատեսված են համապատասխան պատժամիջոցներ, և հանրությունը պետք է դրսևորի բարձր քաղաքացիական պատասխանատվություն։

Խորհուրդ չի տրվում նաև դպրոցներում ցերեկույթների և տոնական միջոցառումների անցկացումը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն և պաշտպանական դիմակներ կրեն, տեղեկացնում է News.am-ը։