ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ. 7 ՕՐ ԵՎ 30 ՏԱՐԻ

Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում դժոխք սկսվեց։ Այն, ինչը հետևողականորեն ու նպատակաուղղված ահագնացվում էր «սումգայիթից» հետո անցած գրեթե 2 տարիների ընթացքում, դրսևորվելով «աննկատ» սպանություններով, հալածանքներով, ծանակումներով և նվաստացումներով, թալանով ու բնակարանի և գույքի զավթումով, և հանգեցրել էր ավելի քան 200000 բնիկ, մի քանի սերունդ այնտեղ ապրած բաքվեցի հայերի փախուստին, մոտեցավ եզրափակիչ գծին։ Եվ այդ գիծը սարսափելի էր, իր գազանությամբ, վայրենությամբ ու անողորմությամբ անըմբռնելի, մարդկային բանականության և ընկալման սահմաններում չտեղավորվող։

 ГЕНОЦИД АРМЯН В БАКУ: 7 ДНЕЙ И 30 ЛЕТ

Մեկ շաբաթվա ընթացքում՝ 1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի ունեցող ամենը իսկական ցեղասպանություն էր՝ մարդկության դեմ ուղղված հանցագործության տվյալ տեսակին բնորոշ բոլոր չափորոշիչներով ու առանձնահատկություններով։ Դա, անկասկած, կճանաչվեր հենց ցեղասպանություն, եթե դիտարկվեր միջազգային ամենաբարձր ու պրոֆեսիոնալ ատյանի կողմից։ Բայց աշխարհը նախընտրեց չնկատել այն, ինչ արեցին Ադրբեջանի իշխանությունն ու ընդդիմությունը, որոնք, նույնիսկ ունենալով ամենաանհաշտ հակասություններ, մեկ ամբողջություն են դառնում, երբ խոսքը վերաբերում է ջարդերին, սպանություններին և հայերի արյանը։ Ոճրագործության հանցակիցը դարձավ Մոսկվան և անձամբ Միխայիլ Գորբաչովը, մի ամբողջ շաբաթ հանգիստ հետևելով միութենական հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցող ցեղասպանությանը։

Մի քանի մեջբերումներն ականատեսների բազմաթիվ վկայություններից և թերթերի հոդվածներից պատկերացում են տալիս այդ դժոխքի մասին։

«Ցնցում է Ադրբեջանի վայրենությունը։ Մտքերս միայն այդ մասին են»,-իր օրագրում գրել է ռուս գրող Դավիդ Սամոյլովը 1990 թվականի հունվարի 18-ին։

«Ջարդերից շատերը կատարվում էին առանձնակի դաժանությամբ։ Հունվարի 14-ին 30-40 մարդուց բաղկացած մի խումբ ներխուժեց Թորոսյանների տարեց զույգի բնակարան, որտեղ գտնվում էին նաև նույնպես տարեց երկու ազգականուհիներ։ Հանցագործները ծեծեցին բոլորին, խլեցին երեքուկես հազար ռուբլի, նշյալ քաղաքացիներին և նրանց հարևանուհի Հարությունովային տարան քաղաքից դուրս, նրանց վրա բենզին լցրեցին և վառեցին» (Կիրիլ Ստոլյարով, «Փլուզում» գիրք)։

«Ես անձամբ ականատես եմ եղել, թե ինչպես երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայերի. ամբոխ հավաքվեց, նրանց վրա բենզին լցրեցին ու վառեցին, իսկ 200 մետր այն կողմ Նասիմիի շրջանի միլիցիայի շրջանային բաժանմունքն էր, և այնտեղ կային ներքին զորքերի մոտ 400-500 զինվորներ, որոնք մեքենայով անցնում էին այդ այրվող դիակներից 20 մետր հեռավորության վրա, և ոչ ոք փորձ չարեց շրջափակել տարածքն ու ցրել ամբոխը» (Էթիբար Մամեդով, Ադրբեջանի Ազգային ճակատի առաջնորդներից մեկը, «Նովայա ժիզն» թերթ, 1990, 5-րդ համար)։

«Բռնում և ծեծելով սպանում էին հայերին, հետն էլ հրեաներին, օսեթներին, վրացիներին ու բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով նման էին հայերի։ Սպանում էին, ինչպես ասում են, դատելով դեմքից, այլ ոչ թե անձնագրից» (գեներալ Ալեքսանդր Լեբեդ, 1990-ի հունվարին Բաքվի շրջաններից մեկի պարետը, «Տերության համար է սիրտս ցավում» գիրք)։

«Մենք ականատես էինք, թե ինչպես ստեղծված իրավիճակում, երբ սկսված հակահայկական վայրագ ջարդերը հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, հաշված օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զրկվեցին տանիքից, վտարվեցին հանրապետությունից» (Եվգենի Պրիմակով, ելույթը ԽՍՀՄ ԳԽ նստաշրջանում, 05.03.1990)։

«Հենց որ սկսեց գործել լաստանավային ջրանցումը Կրասնովոդսկում, նրանք հազարներով հեղեղեցին Մոսկվան, կայարաններն ու օդանավակայանները։ Ծեր կանայք, որոնց ձեռքերի վրա ռասիստները սիգարետներ էին հանգցրել, կիսամերկ երեխաներ՝ տնային հողաթափերով, կանայք և տղամարդիկ՝ վշտից մարած աչքերով։ Մենք տեսանք հայերի, որոնք մեղավոր էին լոկ նրանում, որ հայ են ծնվել, և ադրբեջանցիների, որոնց վռնդել էին միայն այն պատճառով, որ նրանց մայրը, հայրը, կինը կամ ամուսինը այլազգի են…» (Անատոլի Գոլովկով, «Ներթափանց վերք», «Օգոնյոկ», 6-րդ համար, 1990)։

ГЕНОЦИД АРМЯН В БАКУ: 7 ДНЕЙ И 30 ЛЕТ

Այն մասին, որ ջարդերը կրում էին կազմակերպված և համակարգված բնույթ, վկայում է նաև այն ժամանակվա ամենալավատեղյակ պաշտոնյաներից մեկը՝ Վագիֆ Հուսեյնովը, 1990 թվականին Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահը. «Անկարգությունները Բաքվում հանգամանորեն նախապատրաստվում էին Ժողովրդական ճակատի կողմից։ Ամանորի գիշերը ամբոխն ավերեց պետական սահմանն Իրանի հետ։ Իսկ հունվարի 11-ին Բաքվում սկսվեցին ջարդերը։ Ընդհանուր առմամբ քաղաքում շրջում էր ջարդերն իրականացնող մոտ 40 խումբ (50-ից մինչև 300 մարդ)։ Բացարձակ անարխիա էր տիրում։ Միլիցիան ոչինչ չէր կարողանում անել։ 59 մարդ (որոնցից 42-ը՝ հայ) այն ժամանակ սպանվեց, մոտ 300-ը վիրավորվեցին»։ Բնականաբար, Հուսեյնովը ջանադրաբար շրջանցում է այն հարցը, որ իշխանությունները միաբան էին ընդդիմության հետ, այլապես սկսված անկարգություններն անմիջապես կկասեցվեին, չենք խոսում արդեն այն մասին, որ այդչափ ծավալուն միջոցառման «հանգամանալի նախապատրաստումը» պարզապես չէր կարող վրիպել ինչպես միութենական, այնպես էլ հանրապետական ՊԱԿ-ի ամենատես աչքից։

Երկու տարի առաջ ադրբեջանցի իրավապաշտպան և քաղվտարանդի Արիֆ Յունուսովը, որը 1992-1993 թվականներին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական բաժնի ղեկավարն էր, հարցազրույց տվեց, հավաստիացնելով, որ հայկական ջարդերը Բաքվում կազմակերպվել են Հեյդար Ալիևի կողմից՝ իշխանության գալու նպատակով։ Որպես ապացույց նա բերում է ԱԱՃ ակտիվ անդամներից մեկի՝ Նեյմաթ Փանախովի խոստովանությունը, որի վկայությամբ Ալիևն իր հետ հանդիպումներից մեկի ընթացքում ասել է. «Մեզ արյուն է պետք, շատ արյուն»։

 ГЕНОЦИД АРМЯН В БАКУ: 7 ДНЕЙ И 30 ЛЕТ

Բաքուն ծարավի էր հայերի արյանը. նրանց, ովքեր տասնամյակներ շարունակ կառուցել, զարգացրել և փառաբանել էին այդ քաղաքը, անջնջելի հետք թողնելով նրա պատմության և պատկերի մեջ, նրանց, ովքեր անկեղծորեն սիրում ու համարում էին այն իրենց հայրենիքը։ Եվ այդ արյունը հեղվում էր Բաքվի փողոցներում, պողոտաներում ու բակերում մի ամբողջ շաբաթ, առանց իրավապահ մարմինների և առհասարակ իշխանությունների կողմից որևէ խոչընդոտի, անսանձ ու անպատիժ։ Քաղաքում տիրող դժոխքը կառավարում էր ամեն ինչ. քաղաքն ասես խելագարվել էր ատելությունից և անմեղ մարդկանց՝ ծերունիների, կանանց և երեխաների սպանության ու բռնության ծարավից։ «Հիմա ես գիտեմ, թե ինչ էին զգում հրեաները Գերմանիայում 1938 թվականին»,- «Կրուգ» շաբաթաթերթում գրել է մի նախկին բաքվեցի, ազգությամբ հրեա, որն ականատես է եղել իրադարձություններին։

Վալերի Օհանովի հիշողություններից. «Ես շատ հաճախ եմ երազում տեսնում այդ ամենը, թեև այսքան տարիներ են անցել։ Եվ համարում եմ, որ ողջ մնացի միայն Աստծո կամքով։ Եվ այդ հոտըմարդկային այրված մարմնի հոտըԻնձ մոտ դա չի անցնում, մինչև հիմա զգում եմ»։ Մեկ այլ բաքվեցի հայի՝ Տիգրան Մովսեսովի հիշողություններից. «Դրանք իսկական գազաններ էին։ Որովհետև մարդիկ չեն կարող քարերով սպանել փոքրիկ երեխային, դա անհնա՛ր է»։ Սուսաննա Ավչյանի հիշողություններից. «Սամեդ Վուրղունի փողոցում ամենուրեք դիակներ էին ընկած, շուրջը հրդեհներ էին, ճիչեր, կիսամեռ կամ մեռած մերկ կանայք։ նույնիսկ նրանց, ովքեր փորձում էին պաշտպանել հայերին, ծեծում էին։ (…) Մեր մորը գտանք արնաթաթախ, ծեծված, ողջ մարմինը պատված էր այրվածքներով, վրան սիգարետներ էին հանգցրել և դրանք խրել հենց մարմնի մեջ. մենք հետո մեկ առ մեկ հանում էինք դրանքՆրան բռնաբարել էին, կեղտոտել վրան, ինչ ասես, որ չէին արել մեր մայրիկի հետ…»։

Հունվարի 18-ից սկսած հայերին սկսեցին հանել Բաքվից, հիմնականում լաստանավերով։ Վկայություններ կան այն մասին, որ սպանությունները շարունակվում էին նաև տարհանման ընթացքում, ծովում. մարդկանց պարզապես ջուրն էին նետում։ Միայն 1990 թվականի հունվարի 20-ին կարգուկանոն հաստատելու համար Բաքու մտցվեցին խորհրդային զորքերը։

Բաքվի հայերի ցեղասպանությունն ընդմիշտ մտավ պատմության մեջ որպե սև հունվար և սև էջ, որն անհնար է ո՛չ թաքցնել, ո՛չ էլ մոռացության մատնել։ «Սումգայիթից» հետո անցած ժամանակահատվածում՝ 1988-ից մինչև 1990 թվականը ավելի քան 240 հազար բնիկ բաքվեցի հայեր վտարվեցին Ադրբեջանի մայրաքաղաքից, շատերը կորցրեցին հարազատներին և տուժեցին անձամբ, ականատես դառնալով բռնության և սպանությունների զարհուրելի տեսարաններին։ Նրանց միակ «մեղքն» այն էր, որ հայ էին։ Այս իրադարձությունների մասին համեմատաբար քիչ փաստաթղթեր, լուսանկարներ և տեսանյութեր են պահպանվել. ոճրագործությունների հետքերը օպերատիվ և նպատակաուղղված կերպով վերացվել են, նյութերն ու փաստաթղթերը ոչնչացվել են կամ թաքցվել յոթ փականի տակ, առ այսօր անմատչելի արխիվներում։ Ադրբեջանի իրավապահ մարմինները չհետաքննեցին, չբացահայտեցին և մինչև դատարան չհասցրեցին հայերի դեմ կատարված բազմաթիվ հանցագործություններից ոչ մեկը։ Պատասխանատվության չենթարկվեցին ցեղասպանության ո՛չ կատարողները, ո՛չ էլ կազմակերպիչները։

Մինչև օրս հայտնի չէ և դժվար թե երբևէ պարզվի 1988-1990թթ. Բաքվում սպանվածների ճշգրիտ թիվը։ Սակայն ականատեսների վկայությունները և պահպանված փաստերն ու փաստաթղթերը թույլ են տալիս հավաստել, որ այն հասնում է 500-600 մարդու։ Նրանք, ում հաջողվեց փրկվել, Բաքվում թողեցին իրենց ողջ ունեցվածքը և հոգեբանական խորագույն ցնցում ապրեցին, հազարավորներ ենթարկվեցին բռնության. ֆիզիկական ու բարոյական, դարձան հաշմանդամներ, ենթարկվեցին ծանակի և նվաստացման։ Տասնյակ հազարավոր բաքվեցի հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ ցրվեցին աշխարհով մեկ։ Նրանք ապրում են չամոքված վերքը սրտում և այն հույսով, որ երբևէ այդ հանցագործությունը կճանաչվի և կդատապարտվի աշխարհի կողմից որպես ցեղասպանություն և կնշվեն դրա կազմակերպիչների ու կատարողների անունները։

Անցած 30 տարիներին հայատյացության քաղաքականությանը Ադրբեջանում տրվել է պետականի կարգ, իսկ դրա բացահայտ ազդարարված կարգախոսն են դարձել «հայի սպանությունը Ադրբեջանում չի համարվում հանցագործություն» հրեշավոր բառերը։ Այդ երկրի ոճրագործությունների շարունակությունը հնարավոր դարձավ հենց այն պատճառով, որ չդատապարտվեց 1988-1990թթ. հայերի ցեղասպանությունն Ադրբեջանում։ Հենց այդ մասին էին գրել ավելի քան 130 հայտնի միջազգային գործիչների կողմից ստորագրված և 1990 թվականի հուլիսին «Նյու Յորք թայմս» թերթում հրապարակված համաշխարհային հանրությանն ուղղված «Բաց նամակի» հեղինակները, կոչ անելով դատապարտել հանցագործությունները և հավաստիացնելով, որ «անտարբերությունն ու լռությունը տվյալ դեպքում կարող են դառնալ նոր ցեղասպանության պատճառ»։

Այդ սարսափելի օրերից անցել է արդեն 30 տարի։ Այդ տարիների ընթացքում նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը չբարեհաճեց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն և իրավական ու քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի ոճրագործությանը։ Հայ փախստականները՝ հարյուր հազարավոր մարդիկ, ոչ մի կերպ չեն նշվում բանակցային գործընթացի փաստաթղթերում, թեև Արցախի հետ մեկտեղ առավել տուժած կողմն են բախման ընթացքում։ Ո՛չ այդ մարդկանց իրավունքները, ո՛չ էլ նրանց հարազատների և մերձավորների նահատակությունը չդարձան դատական հայցերի և վճիռների առարկա։

Բայց սա դեռ ընդամենը 30 տարի է՝ մի ակնթարթ պատմության մեջ։ Եվ դեռ ուշ չէ ընդունել, դատապարտել ու բարձրացնել պատժի և փոխհատուցման հարցերը։ Հայաստանը պարտավոր է վերջապես անել առաջին քայլը, իսկ հետո նաև՝ հետագա բոլորը։ Եվ միայն այդ դեպքում մենք իրավունք կունենանք և կկարողանանք պնդել, որ կատարված ցեղասպանությունը ճանաչվի և դատապարտվի աշխարհի կողմից, և պահանջել պատժել հանցավոր պետությանը՝ Ադրբեջանին։