Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի

Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի, արդեն համաձայնագիր է ստորագրվել միջազգային COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

COVAX FACILTY–ն գնումների հարթակ է, որը համակարգում են միջազգային գործընկերները և որն անմիջական բանակցություններ է վարում պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը։

Հայաստանը նախատեսում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար, յուրաքանչյուրին` երկու դեղաչափ։ Պատվաստանյութ ձեռք բերելու ընդհանուր արժեքը մոտավորապես 6 միլիոն 330 հազար դոլար է, մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։

Պատվաստանյութի առաջին չափաբաժնի մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո, տեղեկացնում է Sputnik Armenia։