ՀՀ առողջապահության նախարարության հորդորը

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է անգամ այս լարվածության մեջ խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Սիրելի' հայրենակիցներ, այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի:Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք չէ անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Համավարակը չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»,– նշված է հայտարարության մեջ:

Նախարարությունը կոչ է անում չկորցնել զգոնությունը, շարունակել դնել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

Ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական` այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր կպահի թիկունքը։

Սեպտեմբերի 30–ի տվյալներովվ` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 50359–ի, տեղեկացնում է Sputnik Armenia։