ԵՄ-ն մարդասիրական օգնություն կհատկացնի ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով տուժածներին

ԵՄ-ն հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկու կողմերում տուժած քաղաքացիական բնակչությանը շտապ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին, հայտարարել է ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

Ֆինանսավորումը հնարավորություն կտա բժշկական ծառայություն, բժշկական սարքավորումներ, մթերային փաթեթներ և այլ անհետաձգելի օգնություն տրամադրել մի քանի հազար մարդու:

«Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններն արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր: Պետք է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, պաշտպանել քաղաքացիական կյանքը և ենթակառուցվածքները: ԵՄ-ն համերաշխ է բռնությունից տուժած բոլոր մարդկանց հետ և պատրաստ է հետագա մարդասիրական աջակցություն ցուցաբերել: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է նա:

500 000 եվրոյի նախնական ֆինանսավորումը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկերներին, ինչպիսիք են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, անհապաղ օգնություն տրամադրել մարտական գործողություններից տուժածներին:

ԵՄ բոլոր մարդասիրական ֆինանսավորումը տրամադրվում է մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համապատասխան և փոխանցվում է միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների ու հասարակական կազմակերպությունների միջոցով, տեղեկացնում է News.am-ը։