Ադրբեջանը խախտում է պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները
«Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ամբողջ երկարությամբ։ Մարտական գործողությունները հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով»,- ասուլիսում ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը։
Նրա խոսքով, հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի։
«Պաշտպանության բանակի մարտիկները, ցուցաբերելով հերոսության իսկապես անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում։ Հակառակորդին պատճառված է կենդանի ուժի, տեխնիկայի մեծ կորուստներ, որոնց թիվը ճշտվում է»,- նշեց Սուրեն Սարումյանը։
ՊԲ ներկայացուցչի խոսքով, հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը։
«Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,- ասաց Սուրեն Սարումյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։