Սերբիայի նախագահ. Միջազգային հանրությունը անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում

Միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին Սերբիայի ազգային մարմնի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վուչիչը հայտարարել է, որ ինքը դեմ է Կոսովոյի և Մետոխիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս դիմակայությունը «ցույց տվեց, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»: «Այս հակամարտության մեջ մենք տեսանք ամբողջ միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտության վիճակին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որոնց ընթացքում միջազգային հանրությունն անզոր է: Ուստի ես կողմ եմ, որ այսօր և վաղը խնդիրները լուծվեն, և դրանք մեր երեխաներին չթողնվեն»,- ասել է նախագահը:

«Ես հնարավոր ամեն ինչ կանեմ, որ և Սերբիայի կառավարությունը, և բանակցություններում ներգրավված բոլորը անեն ամեն ինչ՝ [Բելգրադի և Պրիշտինայի] փոխզիջումային լուծմանը մոտենալու համար: Չնայած, ինչպես ինձ թվում է, մենք գրեթե երբեք չենք հեռացել փոխզիջումային լուծումից»,- Սերբիայի առաջնորդին է մեջբերում երկրի ազգային RTS հեռուստատեսությունը: Նա հայտնել է, որ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար մարզում այժմ ապրում է 95 հազար սերբ, «բայց սա կյանք է այսօրվանից մինչև վաղը, ոչ ոք չգիտի, թե ինչ է բերելու հաջորդ օրը», տեղեկացնում է News.am: