«Дождь»-ը Ստեփանակերտի գնդակոծությունը ներկայացրել է որպես ադրբեջանական Թարթառի կադրեր

Ռուսական «Дождь» հեռուստաալիքը ԼՂՀ մայրաքաղաքի գնդակոծության կադրերը ներկայացրել է որպես ադրբեջանական Թարթառ քաղաքում արված տեսանյութ, որից հետո ներողություն է խնդրել։

«Այսօր «Дождь»-ի եթերում սխալմունք է տեղի ունեցել. Ադրբեջանի Թարթառ քաղաքում տեղի ունեցածի լուսաբանման ժամանակ Ստեփանակերտի գնդակոծության կադրերն են հայտնվել եթերում։ Հեռուստադիտողի մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, որ «Дождь»–ը միտումնավոր Ստեփանակերտում տեղի ունեցողը ներկայացնում է որպես Թարթառի դեպքեր։ Բայց դա այդպես չէ։ Եթերում տեղի ունեցածը սխալմունք է, որի համար ներողություն ենք խնդրում մեր բոլոր հեռուստադիտողներից։ Այսուհետ ավելի ուշադիր կհետևենք եթեր հեռարձակվող տեսանյութերին», – ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի մայրաքաղաքը, ինչպես նաև մյուս քաղաքները, վերջին օրերի ընթացքում ակտիվ հրետակոծությունների են ենթարկվում տարատեսակ սպառազինությունից, մասնավորապես` համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։