ՀՀ նախագահի. Ադրբեջանը մտադիր է Արցախում էթնիկ զտում իրականացնել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ադրբեջանին մեղադրել է էթնիկ զտում իրականացնելու մտադրության մեջ։

«Ադրբեջանն ասում է, թե ազատագրում է իր տարածքները: Ո՞ւմից է ազատագրում: Եթե նրանք ազատագրում են հայերից, ապա դրա համար այլ բառ կա՝ ոչ թե տարածքային ամբողջականություն, այլ մեկ այլ միջազգային տերմին՝ էթնիկ զտում: Այսինքն՝ ուզում ենք այդ տարածքը, բայց՝ առանց հայերի»,- ասել է նա ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահն ընդգծել է, որ այն, ինչ սկսվեց սեպտեմբերի 27-ին, լոկալ բախում չէր, ինչպիսիք նախկինում տեղի էին ունենում: «Այն իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց ու լրջորեն են պատրաստվել: Այն նաև տարբերվում է նրանով, որ այդ պատերազմում, բացի ադրբեջանական կողմից ու Արցախի Հանրապետությունից, ներգրավված է նաև երրորդ կողմ՝ Թուրքիան իր ուղղակի մասնակցությամբ»,-ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ այս պատերազմում Արցախի հայերի ու Ադրբեջանի նպատակներն ու շարժառիթներն էապես տարբերվում են. «Արցախի Հանրապետությունում մարդիկ պայքարում են հանուն իրենց կյանքի, հանուն իրենց երկրի, իրենց ազատության, հանուն այն եկեղեցիների, որոնք դարերով այդ տարածքում են գտնվում: Այսինքն՝ երկու տարբեր մոտեցում կա. մի կողմից մահ է, մյուս կողմից՝ մարդիկ պայքարում են հանուն իրենց կյանքի, հանուն իրենց հայրենիքի»,- ասել է նա:

Ղարաբաղյան հարցի լուծման մեջ Թուրքիայի հնարավոր միջնորդի դերի մասին Սարգսյանը նշել է, որ հակամարտության կողմը չի կորաղ միջնորդ լինել։

«Դա հնարավոր չէ, քանի որ միջնորդ են համարվում նրանք, որոնց վստահում են: Ինչպե՞ս կարող են Արցախի, Հայաստանի, Մոսկվայի կամ մեկ այլ վայրի հայերը վստահել Թուրքիային»,- հարցրել է նախագահը՝ հիշեցնելով հայ-թուրքական հարաբերությունների պատմական փաստեր:

Բոլորը գիտեն մեր ժողովրդի պատմությունը,-նշել է նախագահը: -Ի՞նչ է ասում Թուրքիան, ի՞նչ պատճառաբանություն է բերում իր բացահայտ ներգրավվածության վերաբերյալ: Առաջինն այն է, թե սատարում է իր էթնիկ եղբայրներին: Ի՞նչ է սա նշանակում: Եթե էթնիկ եղբայրության տեսանկյունից դիտենք, ապա նրանք նման եղբայրներ ունեն նաև Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայից մինչև Չինաստան տարածքում: Ուրեմն ի՞նչ: Ստացվում է, որ եթե նշված վայրերում ինչ-որ բան տեղի ունենա, նրանք պետք է գնան՝ ներգրավվեն այդ հակամարտություններում՝ պաշտպանելու իրենց էթնիկ եղբայրների՞ն»:

Նախագահ Սարգսյանը անհեթեթություն է որակել նաև Թուրքիայի մյուս պատճառաբանությունները՝ Հայաստանում իբր քուրդ զինյալների առկայության և Ադրբեջանում միջազգային էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ, տեղեկացնում է Newsarmenia.am: