Ժնևը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու առաջարկում է արգելափակել Ալիևների կլանի հաշիվները

Ժնևի քաղաքային խորհուրդը նախօրեին ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև, ճանաչել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքն ու առաջարկել է սառեցնել Շվեյցարիայում Ալիևների կլանի ակտիվները։ Բանաձևը հրապարակվել է fichier-pdf.fr կայքում, տեղեկացնում է Newsamenia.am։

Ընդունված բանաձևում նշվում է հետևյալը.

– Լեռնային Ղարաբաղի տարածքն այդ շրջանի հայերի կենսական և վաղեմի տարածքն է

– Լեռնային Ղարաբաղը ներառվել է Ադրբեջանի ԽՍՀ–ի կազմում 1923թ.–ին Իոսիֆ Ստալինի որոշմամբ` տարածքի ժողովրդագրական կազմին հակառակ։

– Ադրբեջանի խորհրդային իշխանությունները ոչ միայն ոչինչ չարեցին այդ տարածքի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման համար, այլ, հակառակը, այնտեղ սիստեմատիկ իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն 1920թ.–ից մինչև ԽՍՀՄ–ի փլուզումը։

– Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պահպանել է խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը, և 1991թ.–ի սեպտեմբերի 2–ին հայտարարել է իր անկախության մասին, ինչը հաստատվել է նույն թվականի դեկտեմբերի 10–ին կայացած հանրաքվեի ժամանակ

– ադրբեջանահայերը բազմիցս ենթարկվել են կազմակերպված զանգվածային սպանությունների, այդ թվում` Սումգայիթում (1988թ.–ի փետրվարի 25–27), Կիրովաբադում (1988թ.–ի նոյեմբերի 23), Բաքվում (1990թ.–ի հունվարի 12–19) և Մարաղայում (1992թ.–ի ապրիլի 10)։ Այդ պատճառով նրանց անվտանգությունն Ադրբեջանի տարածքում չի երաշխավորվում

– անկախություն ձեռք բերելուց հետո Ղարաբաղի իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունն ու մշակութային–տնտեսական բարգավաճումը

– հայերին «ոչնչացնելու» կոչերով ադրբեջանական հռետորաբանությունը շարունակում է ավելանալ նրանց դեմ սանձազերծված պատերազմի սկզբից

– կիրակի` 2020թ.–ի հոկտեմբերի 27–ին, ադրբեջանական բանակի հարձակումը հումանիտար սկզբունքները խախտող անընդունելի ագրեսիա է

– միջազգային հանրության լռությունը, որը հարաբերականորեն պատասխանատու է վերջին ռազմական գործողությունների համար, հավասարազոր է Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունը հավանության արժանացնելուն

Ելնելով վերը նշվածից` քաղաքային խորհուրդը.

– ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգությունը երաշխավորելու միակ հնարավորություն

– դատապարտում է 2020թ.–ի հուլիսի 12–ին Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի Զինված ուժերի հարձակումը, կիրակի` 2020թ.–ի սեպտեմբերի 27–ին Արցախի վրա սկսված հարձակումն ու 2020թ.–ի սեպտեմբերի 29–ին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը

– առաջարկում է ադմինիստրատիվ խորհրդին անել հնարավոր ամեն ինչ` միջազգային հումանիտար իրավունքը, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիաները ամբողջությամբ պահպանելու համար, որոնց պահպանումը ստանձնում են Ժնևն ու Շվեյցարիան

– առաջարկում է ադմինիստրատիվ խորհրդին աջակցել Հարավային Կովկասում արդար և կայուն իրավիճակի հաստատմանն ուղղված խաղաղ գործընթացին` հարգելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները

– առաջարկում է ադմինիստրատիվ խորհրդին դիմել Դաշնային խորհուրդ` Ալիևների կլանի ակտիվները սառեցնելու նպատակով, որոնք իշխում են Ադրբեջանում Խորհրդային Միության փլուզումից հետո։