Արցախում ոչնչացնում են չպայթած կասետային ռումբերն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի ամբողջ տարածքով մեկ չպայթած արկեր կան։ Sputnik Արմենիան նկարահանել է, թե ինչպես են վնասազերծում դրանք։

 

Արցախի ուղղությամբ նետված կասետային զինամթերքի մոտ 70 տոկոսը տեղում պայթում է, իսկ մոտ 30 տոկոսը դանդաղ գործողության ռումբ է։ Վտանգ կա, որ դրանք կարող են բնակչությանը վնասել ռմբակոծություններից հետո։

Արցախի տարածքից հավաքած կասետային զինամթերքն ու «Գրադ» համազարկային հրթիռային կայանքի չպայթած արկերը իսրայելական և թուրքական արտադրության են։

«Այդ հրթիռներով է գնդակոծվել Ստեփանակերտը։ Դրանք արգելված են ամբողջ աշխարհում: Ադրբեջանը դրանցով սպանում է Արցախի բնակչությանը»,— ասում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչը։

Այս պահին մոտ 70 արկ է հայտնաբերվել, բայց մասնագետները շարունակում են որոնողական աշխատանքները, այնպես որ այդ զինամթերքի քանակն անընդհատ ավելանում է։ Առավել վտանգավորները հենց տեղում են պայթեցվում։

Կասետային ռազմամթերքն արգելված է միջազգային հատուկ կոնվենցիայով։ Կասետային կամ կլաստերային զինամթերքը բաղկացած է ավելի փոքր պայթուցիկ սարքերից (կասետային մարտական տարրերից): Դրանց օգտագործումը թույլ է տալիս մեծ վնաս հասցնել հակառակորդի կենդանի ուժին։