Գերմանացի պատգամավորները Արցախ այցելելուց հետո կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները կոչ են արել կոշտ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության դեմ՝ դադարեցնելու Արցախում նրանց կողմից սանձազերծված պատերազմը: Այս մասին նրանք հայտարարել են Արցախի տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում:

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոտրեն ասաց, որ իրենք եկել են այստեղ՝ սեփական աչքերով տեսնելու Արցախում տիրող իրավիճակը, քանի որ գերմանական լրատվամիջոցները պատշաճ կերպով չեն ներկայացնում այս պատերազմը: Նա ասաց, որ իրենց խումբը եղել է Շուշիում և տեսել, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է տաճարի վրա (Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց - խմբ.), որ գնդակոծվում են բնակելի շենքեր, որտեղ ռազմական օբյեկտներ կամ սարքավորումներ չկան: Նա հաստատեց, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը լուրջ հանցագործություն է մարդկության դեմ:

«Մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին ոչ միայն խոսել, այլև քայլեր ձեռնարկել: Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանվեն, որպեսզի այս պատերազմն ավելի շուտ ավարտվի: Մեր առաքելությունն է փոխանցել Գերմանիային և Եվրոպային այն ամենը, ինչ տեսել ենք, ցույց տալ ժողովրդին՝ ինչ է կատարվում այստեղ, որպեսզի նրանք հասկանան և սկսեն գործողություններ իրականացնել պատերազմը դադարեցնելու համար », - ասաց Քոտրենը` հայտարարելով խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատելու պատրաստակամության մասին:

Քոտրեն նշեց, որ Գերմանիան պետք է հստակ դիրքորոշում ընդունի և այլ երկրների հետ միասին սկսի ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա: Պատգամավորը նաև նշեց, որ Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի, և այս համատեքստում նա կողմ է արտահայտվել հետագայում այդ խնդրի և նմանատիպ խնդիրների լուծման համար եվրոպական խմբին միանալու գործընթացին:

Ըստ Բունդեսթագի մեկ այլ պատգամավորի, կարևոր է նշել, որ Արցախում իրավիճակը ոչ թե տեղային բախում է, այլ մեծ պատերազմ: Նա մտահոգություն հայտնեց, որ Արցախում կարող է նոր ցեղասպանություն տեղի ունենալ, և ասաց, որ իրենց խումբը փորձում է աշխարհին ցույց տալ, որ փորձ է արվում ոչնչացնել Արցախի ժողովրդին:

«Մենք փորձում ենք այնպես անել, որ աշխարհի բոլոր մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում այստեղ և սկսեն պայքարել դրա դեմ: Մենք դատապարտում ենք բոլոր ագրեսիվ քայլերը և ցանկանում ենք դադարեցնել այս պատերազմը հենց հիմա: Մենք ցանկանում ենք, որ պատերազմ սկսած բոլոր կողմերը պատժվեն, հատկապես Ադրբեջանն ու Թուրքիան », - ասաց նա:

Ըստ պատգամավոր Ադերս Կալվիցի, եթե պարզվի, որ Ադրբեջանն օգտագործում է ահաբեկիչներին և նրանց տեղափոխում է Արցախյան պատերազմական գոտ, ապա անհրաժեշտ է երկիրը համարել միջազգային ահաբեկչության մասնակիցներից մեկը և դատապարտել դրա համար:

«Գերմանիայի իշխանությունները լավ կանեն, եթե դադարեցնեն Ռուսաստանի դեմ անհասկանալի պատժամիջոցները և սկսեն իրական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ», - ասաց նա:

Պատգամավոր Անդրեաս Գալաուն շեշտեց, որ Գերմանիան չի կարող ռազմական միջամտություն ունենալ, բայց կարող է լուրջ պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ, ինչը ավելի ուժեղ հարված կհասցնի:

 «Մենք այժմ գտնվում ենք Արցախում՝ Ստեփանակերտում և այդպիսով նույնպես Գերմանիային կոչ ենք անում ազդել Բաքվի և Անկարայի վրա», - ասաց Գալաուն, տեղեկացնում է Newsarmenia.am: