Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՍԻ Ե՛Վ ԼԱՎԸ, Ե՛Վ ՎԱՏԸ, ՄՆԱՑԱԾԸ ԿՈՐՈՇԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

«Կարծում եմ, առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ուղերձով դիմել հանրությանը և պատմել այն ամենը, ինչ նա ասել է Անվտանգության խորհրդի նիստում, արտախորհրդարանական ուժերի և «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման ժամանակ»,- TV24-ի եթերում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հրաժարվեց ավելին հաղորդել իր ունեցած տեղեկատվությունից, նշելով, որ այդքանից ավելին ասել չի կարող։

Նրա խոսքերով՝ այսօր հայ զինվորը միայնակ հերոսաբար պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ. «Եթե դա պատերազմ լիներ միայն Ադրբեջանի դեմ, վստահ եմ, որ մեր զինծառայողները արևածաղկի սերմի պես կչրթեին նրանց: Բայց Հայաստանն ու Արցախը այսօր կռվում են ՆԱՏՕ-ի ուժեղագույն բանակներից մեկի դեմ, ընդ որում ոչ միայն Թուրքիայի բանակի, այլև միջազգային ահաբեկչության։ Եվ Հայաստանի ու Արցախի ռեսուրսներն այստեղ ուղղակի անհամեմատելի են»։

Նա կատարվող ամենի նկատմամբ կուրության և խլության մեջ մեղադրեց միջազգային հանրությանը, դիմելով նրան. «Ես հիմա ասում եմ՝ միջազգային հանրություն, Եվրամիություն, ՄԱԿ, թքեմ ես ձեր ճակատին, դուք հանցակից եք, դուք հանցագործ եք։ Ձեզ համար գերակա համարեցիք յուրաքանչյուրիդ անձնական, տնտեսական, քաղաքական շահը։ Այն, ինչ դուք խոսում եք. մարդու իրավունք, երեխայի իրավունք, ժողովրդի իրավունք, դեմագոգիա է։ Դուք դեմագոգ եք։ Միջազգային հանրությանը ես համարում եմ այլևս մեռած կառույց»։ Նրա խոսքերով, կգա մի ժամանակ, երբ Հայաստանը պետք է քննարկի, թե իմաստ ունի արդյոք անդամակցել այդ միջազգային կազմակերպություններին: Զոհրաբյանին զայրացնում է ԵՄ հայտարարությունը, որում դատապարտվում է Գանձակի գնդակոծությունը, սակայն մի բառ անգամ չկա ծանր կասետային զինամթերքով Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի և Արցախի այլ բնակավայրերի դաժան գնդակոծության, դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների գնդակոծման, քաղաքացիական անձանց սպանությունների մասին:

«Այսուհետ այն, ինչ կոչվում է միջազգային հանրություն, ինձ համար նույնպիսի ռազմական հանցագործ է, ինչպիսին Թուրքիան և Ադրբեջանը։ Ես ուզում եմ հասկանալ, ընդհանրապես ՄԱԿ-ի այդ հատուկ ներկայացուցիչը, Հայաստանում նստած այդ Շոմբի Շարփ կոչեցյալը կամ Եվրամիության դեսպան տիկինը, որը կենդանության նշաններ է ցույց տալիս միայն երբ պետք է լինում մեզ վրա ճնշում գործադրել ինչ-ինչ կոնվենցիաներ անցկացնելու համար. Ստամբուլյան և այլն։ Բա ինչո՞ւ եք լալկվել, տիկին, ո՞վ եք դուք ընդհանրապես։ Ես՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բարձրացնելու եմ ձեր մանդատի հարցը, այո՛, ես հասնելու եմ Բրյուսել և բարձրացնելու եմ թե՛ ձեր, թե՛ Շոմբի Շարփի մանդատի հարցը։ Դուք տեսեք, թե ինչ վայնասուն է բարձրացնում Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը։ Թե՞ մեզ մոտ ձեր ֆունկցիան միայն այն է, որ իմ կողքը նստած Ազգային ժողովի ամբիոնում, երբ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո նկատողություն արեցի այդ տիկնոջը (?), որ խախտում է ընթացակարգը, դրանից հետո Շոմբի Շարփը բաց նամակ է հրապարակում և դատապարտում է ինձ՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, որ խախտել եմ տրանսգենդեր կնոջ իրավունքները, նկատողություն անելով կանոնակարգը խախտելու համար։ Դուք չե՞ք ամաչում: Բա դուք մարդու իրավունքներից եք խոսում, Արցախում ամեն օր երեխա է մահանում: Դուք տեսե՞լ եք այն դաժանությունները, թե ինչ են արել և անում մեր զինվորների հետ։ Ես ի պաշտոնե պարտավոր եմ այդ սյուժեները նայել, որպեսզի ուղարկեմ միջազգային կառույցներին։ ԻԼԻՊ-ը գլուխը պատին է տվել այն ամենի համեմատ, ինչ անում են այս տականքները։ Իսկ միջազգային կառույցները ինչ-որ լղոզած, ոչինչ չասող հայտարարություններ են անում, ապացուցելով, որ իրենց, այդ կառույցների անդամ երկրներից յուրաքանչյուրի համար ավելի կարևոր են նավթային և գազային շահերը»,-նշեց Զոհրաբյանը։ Ի դեպ, նա խոստովանեց, որ շատ լավ գիտեր այդ մասին, քանի որ հաճախ է տեսել, թե ինչպես են ԵԽԽՎ-ի եվրապատգամավորները Ադրբեջանի պատվիրակության սենյակից դուրս եկել սև խավիարի տոպրակներով։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրորդ նիստին, Զոհրաբյանը վրդովվեց, որ հերթական անգամ ընդհանուր հայտարարություններ են հնչել, հավասարության նշան է դրվել հակամարտող կողմերի միջև. «Ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել Արցախի Պաշտպանության բանակի և ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակներից մեկի՝ Թուրքիայի բանակի միջև։ Հնարավոր բոլոր զինատեսակները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված, օգտագործվեցին այս պատերազմում»։ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի խոսքերով, օրական 24 ժամ ինքը նամակներէ գրում միջազգային կառույցներին, կոնկրետ անձանց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում։ Արձագանքը սիրալիր պատասխանն է, թե իբր՝ ստացանք ձեր նամակը, կարդացինք, մտահոգված ենք, կապի մեջ եղեք և շարունակեք տրամադրել մեզ տեղեկատվություն, պինդ մնացեք, դուք ուժեղ կին եք։

«Թե իմ ուժեղ կին լինելը ի՛նչ կապ ունի տրամադրած տեղեկատվության հետ։ Մի խոսքով, զրո՛ արձագանք։ Եվ նրանք, ովքեր դեռ չեն հասկացել, նրանք, ովքեր ամերիկաներում նստած գրում էին «Путин капут в Карабахе», պետք է հասկանային, որ մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, և ոչ թե հակառուսական տրամադրություններ հրահրեին, և ոչ թե բերեին տարատեսակ գրանտակեր տականքով լցնեին և պատեին երկիրը, ականապատեին երկիրը տարատեսակ աղբով։ Եվ հանկարծ թող որևէ մեկը չմտածի, թե ինքը պլստալու է, փախնելու է։ Փակելու ենք օդանավակայանը, լսե՛ք, հեյ, ինչ եմ ասում ձեզ, գրանտակերներ, որ ականապատեցիք իմ երկիրը։ Փակելո՛ւ ենք օդանավակայանը, մեկդ չի փախնելու, բոլորդ պատասխան եք տալու ձեր արած հանցագործությունների համար»։

Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, ապա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանի կողմից ճանաչումը կարևոր է, բայց դա կլինի միայն բարոյական քայլ, շատ ավելի կարևոր է, որ Արցախի անկախությունը օր առաջ ճանաչեն առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ «Ես չեմ հավատում, որ կանեն, միջազգային հանրություն ուղղակի չկա, միջազգային հանրությունը ոչ ևս է այլևս»,- ասաց նա:

Խոսելով Ռուսաստանի կողմից ձեռնարկվող ջանքերի մասին, Զոհրաբյանը նշեց, որ իրավունք չունի փակագծերը բացել։ Այդուհանդերձ ընդգծեց. «Կարծում եմ, հասկանալի է, որ Ռուսաստանը ռազմավարական դաշնակցի իր պարտավորությունները, նաև զինամթերքի մասով, կատարել է և շարունակում է կատարել։ Նրանք, ովքեր դրանում կասկածում են, առնվազն կա՛մ տխմար են, կա՛մ դավաճան։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները ամենօրյա ռեժիմով։ Փակագծերը բացել ես չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ... շատ վատ քայլ արեցին այն գրանտակեր կազմակերպությունները, որոնք Հայաստանում հետևողականորեն տարածեցին և սերմանեցին հակառուսական տրամադրություններ։ Այդուհանդերձ Ռուսաստանն իր պարտավորությունները պայմանագրային շրջանակում, նաև «ոչ պայմանագրային» շրջանակում հստակ կատարել և կատարում է։

Զոհրաբյանը հրաժարվեց գնահատական տալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկին՝ նշելով միայն, որ ժամանակին ԲՀԿն չլսեցին։ «Ժողովրդի մեծամասնությունը տվել է վստահության քվեն իշխանությանը, Նիկոլ Փաշինյանը ունեցել է և այսօր էլ ունի բացարձակ լեգիտիմ մանդատ, և ինքը պարտավոր է, և ես ճանաչելով իրեն, կարծում եմ՝ ինքը չի ստի, վստահ եմ, որ նա ժողովրդի հետ անկեղծ կխոսի և ժողովրդին կասի ողջ ճշմարտությունը. և՛ լավը կասի, և՛ վատը, մնացածը կորոշի արդեն ժողովուրդը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Վերջում, պատասխանելով այն հարցին, թե որքան կտևի այս պատերազմը, նա ասաց. «Ես այդ հարցի պատասխանը գիտեմ, բայց չեմ ասի։ Դա էլ պետք է ասի Նիկոլ Փաշինյանը»: