Ն․Զոհրաբյան. Եթե միջազգային հանրությունը այսպես շարունակի, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի կոնֆլիկտի

Որպես Հայաստան-Եգիպտոս միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, քիչ առաջ հանդիպեցի Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Կրկին անգամ դեսպանին ներկայացրեցի ադրբեջանա-թրքական տանդեմի սանձազերծած պատերազմի հումանիտար ատեղը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների ուղղակի մասնակցությունն այս աղետալի պատերազմին, ինչպես նաև՝ Թուրքիայի փոխնախագահի երեկ արված հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է զինուժ ուղարկել Ադրբեջան, այսինքն՝ անմիջականորեն ներգրավվել պատերազմական գործողություններին։

Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանում փաստացի տեղակայվելու են ՆԱՏՕ-ի զորքերը։

Ներկայացրեցի բոլոր այն միջազգային կոնվենցիաները, որոնք կոպտորեն խախտել է ադրբեջանա-թրքական տանդեմը՝ թիրախ դարձնելով թե՛ քաղաքացիական բնակավայրերը, թե՛ քաղաքացիական անձանց՝ երեխաների, կանանց, տարեցների և թե՛ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործման փաստերը։

Փոխանցեցի նաև հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կատարած վայրագությունները, ինչը փաստում է այդ տանդեմի կատարած ռազմական հանցագործությունները։

Մտահոգությունս հստակ էր՝ եթե միջազային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը: