Ջեյմս Ուորլիք. ԼՂ հարցով բանակցությունները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, այլապես այն կընդլայնվի

Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները, այլապես այն կընդլայնվի: Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ «հակամարտության կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պետք է գիտակցեն, որ այն պետք է լուծվի միայն բանակցային ճանապարհով»: «Եվ միայն դրանից հետո համանախագահ երկրները կարող են իրենց դերն ունենալ, այսինքն՝ նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ: Ես խոսում եմ ոչ թե պարզապես Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև զրույցի, այլ լիարժեք բանակցությունների մասին: Դա երկար գործընթաց կլինի, ուստի հարցերի զանգվածը մնում է չլուծված, սակայն այն պետք է սկսվի: Եվ դրա համար կողմերը պետք է պատրաստակամություն ցուցաբերեն և լուրջ վերաբերվեն դրան»,-նշել է նա:

Նրա կարծիքով՝ «բանակցությունները կարող են հաջող լինել միայն այն դեպքում, երբ կողմերը համաձայնեցնեն որոշ բազային սկզբունքներ, որոնք ներառում են՝ զորքերի դուրսբերում ԼՂ շուրջ տարածքներից և ԼՂ կարգավիճակ»: «Կան նաև այլ հարցեր՝ ինչ անել փախստականների հետ, ինչպիսին է խաղաղապահների դերը, ինչպիսին են լինելու Հայաստանի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ բոլոր հարցերն արդեն վաղուց հայտնի են, և Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դրանք կիրառեն բանակցություններ սկսելու համար»,-նշել է նա:

Ուորլիքի խոսքով՝ և՛ Մինսկի խումբը, և՛ համանախագահները կարևոր և օգտակար դեր են խաղացել: «Սակայն վերջնական որոշումը կախված է Հայաստանից և Ադրբեջանից, որոնք պետք է գիտակցաբար որոշեն վիճելի հարցերը խաղաղ ճանապահով: Ներկայիս իրավիճակը շարունակվել չի կարող: Իրավիճակը կմնա պայթյունավտանգ, քանի դեռ խնդիրը չի լուծվել խաղաղ ճանապարհով…Ես հասկանում եմ համընդհանուր հիասթափությունը: Սակայն ո՞րն է այլընտրանքը: Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմը ոչինչ չի լուծի: Այն կլինի շատ վտանգավոր, կհանգեցնի բազմաթիվ զոհերի և կարող է տարածվել ողջ տարածաշրջանում: Պատասխան հնարավոր չէ ստանալ մարտի դաշտում: Այն կգտնվի միայն այն ժամանակ, երբ կողմերը գիտակցեն, որ պետք է պայմանավորվեն հենց երկարաժամկետ կարգավորման շուրջ»,-ընդգծել է Ուորլիքը:

Խոսելով ԱՄՆ-ի դիրքորոշման մասին՝ դիվանագետը նշել է. «Ցավոք, ԱՄՆ-ն զբաղված է կայանալիք ընտրություններով և այլ ներքին հարցերով: Ես դա ասում եմ, քանի որ ԱՄՆ-ն պետք է էլ ավելի կարևոր դեր խաղար այդ վտանգավոր իրավիճակը լուծելու համար: Հուսով եմ՝ ընտրությունների ավարտից հետո ԱՄՆ-ն կվերադառնա մնացած աշխարհի խնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցին: Ես ինքս աշխատել եմ Ջոն Քերիի հետ, երբ նա պետքարտուղար էր: Եվ ես գիտեմ, որ նա անձամբ շփվել է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև համանախագահների հետ: ԱՄՆ ապագա վարչակազմը պետք է գործադրի բոլոր ջանքերը Կովկասում, ինչպես նաև աշխարհի այլ տարածաշրջաններում հակամարտությունները կարգավորելու համար», տեղեկացնում է News.am: