ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ CNN-ԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի ուղերձը ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ուղերձն է, որոնք միջնորդության միջազգայնորեն ճանաչված ձևաչափ են` հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու համար: Այս մասին CNN-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

 

«Եվ այդ ուղերձը մեկն է պատերազմը պետք է կանգնեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, պետք է հաստատվի հրադադար։ Դա այն ուղերձն է, որը մենք կիսում ենք և սատարում»,- հայտնել է Մնացականյանը։

Հնարավոր տարածքային զիջումների մասին հարցին պատասխանելիս, Մնացականյանը հայտնել է, որ խոսքը ոչ թե զիջումների մասին է, այլ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման և խաղաղ կարգավորման գործընթացին վերադառնալուն։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագային, ապա այս ողջ հակամարտությունը մարդկանց մասին է, Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների, հայերի, ովքեր Ադրբեջանի գերիշխանությանն են ընդդիմացել։ Դա պատմություն է մեր մարդկանց մասին, ովքեր ենթարկվում են ռմբակոծությունների և հրթիռակոծությունների։ Այս խնդրի հիմքում մեր հայրենակիցների գոյութենական անվտանգությունն է։ Մենք պնդում ենք, որ այս հակամարտության այնպիսի խաղաղ կարգավորում ստանա, որի դեպքում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովված կլինի»,- ընդգծել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հայրենակիցների ինքնորոշման իրավունքը այն հիմքային սկզբունքներն են, որոնք ճանաչված են միջազգային հանրության կողմից։

«Լեռնային Ղարաբաղում մեր ժողովուրդն ապրելու է ազատ, արժանապատվի և անվտանգության մեջ»,- հայտնել է Մնացականյանը։

Նա նշել է, որ հենց հարցազրույցի պահին Արցախի բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին՝ ընթարկվում են ծանր հրետանու հարվածքների։

«Զոհվում են քաղաքացիական անձինք, հումանիտար դրությունը շատ լարված է։ Դա չպետք է կատարվի»,- ընդգծել է նախարարը։

Մեկնաբանելով հաորդավարուհու հարցն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել է Հայաստանի և Արցախի միավորման մաիսն, Մնացականյանը նշել է, որ ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերը սխալ են մեկնաբանվել։

«Վարչապետը խոսել է Հայաստանի՝ որպես Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորի դերի մասին։ Աշխարհում չկա մեկ այլ ուժ, որն ի զորու է անել դա։ Եվ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանն անտարբեր չի մնալու Լեռնային Ղարաբաղում իր հայրենակիցների ճակատագրի հանդեպ։ Վարչապետը վերջին երկու տարիների ընթացքում խոսել է զիջումների վրա հիմնված խաղաղ կարգավորման մասին»,- հայտնել է Մնացականյանը։

Նրա խոսքով, պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի ներքո չի սահմանափակվի իր կամարտահայտության ազատությունը, պետք է բացառվի էթնիկ զտումների վտանգը։

«Մարդիկ պետք է իրենք որոշեն իրենց ճակատագիրն ու անկախությունը, և դա պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը»,- ընդգծել է Մնացականյանը։

Newsarmenia.am