Արցախի ՄԻՊ. Չի բացառվում, որ անհայտ կորած քաղաքացիները սպանվել են կամ խոշտանգվել

Արցախում անցած գիշեր մեկ քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Քաղաքացին մահացել է Ավետարանոց գյուղում` հրթիռակոծության հետևանքով»,– ասաց Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ–ը հայտնեց, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին տեղեկություններ կան նաև այն հատվածներում, որտեղ ներթափանցել են ադրբեջանական դիվերսիոն խմբերը։

Նա նշեց, որ պայմանավորված մարտական գործողությունների շարունակմամբ, անհնար է վերջնական տվյալներ ներկայացնել, սակայն ռիսկը բավական մեծ է, քանի որ արդեն իսկ կա Հադրութում երկու խաղաղ բնակիչների` երիտասարդ ու տարեց տղամարդկանց սպանության դեպքը, որի տեսանյութը հրապարակել էին ադրբեջանական սոցկայքերը։

«Ռիսկը մեծ է, քանի որ մեր տեղեկություններով` անհայտ կորած քաղաքացիական անձինք կան տվյալ բնակավայրերից»,– ասաց նա` չբացառելով, որ նշված անձինք սպանվել են ու անգամ ենթարկվել խոշտանգումների` հաշվի առնելով ադրբեջանական ձեռագիրը։

Բեգլարյանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախում ավերվել ու վնասվել է ավելի քան 10 500 մասնավոր անշարժ գույք` բնակելի տուն, խանութ և այլն, 1500–ից ավելի քաղաքացիական ենթակառուցվածք` հանրային ու արտադրական նշանակության գույք և 1100–ից ավելի ավտոմեքենա, տեղեկացնում է Sputnik Armenia։