Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ. Թուրքիան այլևս աշխարհիկ պետություն չէ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունն ավելի ու ավելի է անհանգստացնում, հատկապես որ Թուրքիան այլևս աշխարհիկ երկիր չէ: BFM հեռուստաալիքին տված մեծ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Էրդողանի Թուրքիան այժմ, իր իսկ հայտարարությունների համաձայն, հավատարիմ է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությանը: Եվ Թուրքիան համապատասխան ռազմական ժեստերով իրականացնում է այս մանիֆեստը: Օրինակ՝ Սիրիայում քրդերի գնդակոծությամբ, Լեռնային Ղարաբաղում իրենց գործողություններով»,- նշել է բանակի գեներալը:
«Մի օր միջազգային հանրությունը և, մասնավորապես՝ Ֆրանսիան, պետք է վերջ դնեն դրան: Մենք չենք կարող համաձայնել, որ Թուրքիայի նման երկիրը, որի ԵՄ անդամակցության բանակցությունները դեռ պաշտոնապես չեն ավարտվել, շարունակում է նման հռետորաբանությունը և նմանատիպ գործողությունները, լինելով ՆԱՏՕ-ի անդամ»,- ընդգծել է Վիլյեն:
Գեներալի խոսքով՝ ներկա իրողություններում միջազգային ասպարեզում «բարեկամների» և «թշնամիների» հասկացությունը աղճատվել է, և այդ պայմաններում Ֆրանսիան հատուկ հստակ դիրքորոշման կարիք ունի նրանց կողմից, ովքեր հայտարարում են իրենց աջակցությունը ահաբեկչության և արմատական իսլամիզմի դեմ պայքարին:
«Թուրքիան իսլամիստներին սատարողների մեջ է: Նա ֆինանսավորել է այդ շարժումներից մի քանիսը, և դա լավ հայտնի է: Կարծում եմ, որ Թուրքիան այլևս աշխարհիկ պետություն չէ, ակնհայտորեն իսլամական երկիր է: Եվ իսլամիստներից ոչ հեռու: Սա ինձ հատկապես անհանգստացնում է»,- հավելել է նա:
Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացել են Միջերկրական ծովի արևելքում իրադրության սրման ֆոնին: Փարիզը թուրքական կողմին մեղադրում է Լիբիային զենք մատակարարելու, ինչպես նաև Սիրիայից այնտեղ զինյալներ տեղափոխելու ՄԱԿ-ի էմբարգոն խախտելու մեջ: Այսպես, հունիսին Լիբիայի ափերի մոտ թուրքական ֆրեգատը հրաժարվել է կատարել այդ առաքելությանը մասնակցող ֆրանսիական ֆրեգատի կողմից բեռներ ստուգելու հրամանը: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Հունաստանի ու Կիպրոսի հանդեպ՝ դրանք որակելով որպես այդ երկրների ինքնիշխանության ոտնահարում, տեղեկացնում է News.am-ը: