Արծրուն Հովհաննիսյան․ Դիվերսիոն խմբեր են երևացել Արցախի մի շարք բնակավայրերի շրջանում

Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ, այդ թվում Ավետարանաոց գյուղի հատվածի անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր։ Այդ մասին հոկտեմբերի 25-ի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները։ Այս պահին էլ դրանք շարունակվում են»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այդ խմբերը սովորաբար մարտի չեն բռնվում, շտապում են փախչել այնտեղից, որտեղ որ հայտնվել են մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են մարտական գործողությունները՝ հյուսիսից մինչև ծայր հարավ։ Հյուսիսային ուղղությամբ սկսվել է հրետակոծություն, որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք ինտենսիվությամբ փոքր-ինչ զիջում են հարավայինին։

Ողջ օրվա ընթացքում հարավային ուղղությամբ՝ դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ, հակառակորդը տասնյակ անգամներ գրոհներ է ձեռնարկել։ Հովհաննիսյանն ընդգծեց՝ այս պահին էլ շարունակվում են ծանր մարտերը, տեղեկացնում է Sputnik Armenia։