Մայքլ ՌՈՒԲԻՆ. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

Թուրքիայի նկատմամբ միջազգային դժգոհությունը հասել է գագաթնակետին: Թուրքիան շարունակում է Կիպրոսի օկուպացիան և Վարոշայում իր առաջխաղացմամբ սկսել է այնտեղ էթնիկ զտումներ: Նոր խամաճիկ նախագահն առավել կոշտ դիրքորոշմամբ միայն կուժգնացնի թուրքական գաղութացումն առաջիկա տարիներին, գրում է «Պատժամիջոցները կդադարեցնեն թուրքական ագրեսիան» հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինը:

«Սիրիայի հյուսիսում թուրքական խաղաղ միջանցքը վերածվել է էթնիկ զտումների, առևանգումների և բռնաբարությունների սարսափի, որտեղ Իսլամական պետության վետերանները թափառումն են թուրք զինվորների հետ միասին:

Մինչդեռ, եթե Թուրքիայի կողմնակիցները կարող են հերքել նրա գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում, Սիրիայում կամ Իրաքում՝ որպես տնտեսական վեճերի կամ հակաահաբեկչական գործողությունների հետ կապ ունեցող, Լեռնային Ղարաբաղում Անկարայի օդային ու Սիրիայից վարձկանների մասնակցությամբ միջամտությունն այդ ամենի հետ կապ չունի, և ենթադրում է շատ ավելի լուրջ մոտիվացիա՝ կրոնական բնույթի թշնամանք:

Դիվանագիտական կոչերը փոքր նշանակություն ունեն Էրդողանին մտափոխվելու հարցում ստիպելու համար: Երբ Ամերիկայի ու Եվրոպայի առաջնորդները առարկում են նրան խոսքով, նա համարում է, որ դա բավականին լուրջ չէ և շարունակում իր ագրեսիան: Նա կլսի միայն այն ժամանակ, երբ Ամերիկայի և Եվրոպայի առաջնորդները պատժամիջոցներ սահմանեն»,-նշում է Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտնական Մայքլ Ռուբինը:

«Հարց է ծագում՝ բավարա՞ր է արդյոք Եվրոպայի կամքի ուժը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար: Թվում է՝ դեռ ոչ այնքան:

Հայտնի է, որ առնվազն ԵՄ անդամ հինգ երկիր դեմ է արտահայտվել վարչապետ Կիրիակոս Միցոտաքիսի՝ այս ամսվա սկզբին արված առաջարկին Թուրքիային զենքի մատակարարման էմբարգո սահմանելու մասին: Դա ցավալի է՝ հաշվի առնելով, թե ինչպես է թուրքական զենքն այժմ նպաստում անկայունությանը բացի Բուլղարիայից իր բոլոր հարևանների շրջանում, և ինչպես է Թուրքիան վաճառել զենք Բելառուսին, որտեղ դա օգտագործվել է ժողովրդավարական ցույցերը ճնշելու համար:

Այն, որ Եվրոպայի որոշ առաջնորդներ ունեն շահադիտական նպատակներ, որոնք գերադասում են մարդու իրավունքներին և խաղաղության հաստատմանը, նորություն չէ: Այդուհանդերձ, Եվրոպայի առաջնորդները կարող են ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ չվնասելով սեփական բիզնես շահերին: Թուրքիայի կառավարությանն է պատկանում երկրի ազգային ավիափոխադրողի՝ «Turkish Air»-ի բաժնետոմսերի 49 տոկոսը:

Էրդողանի ընկերները տնօրինում են բազմաթիվ մասնավոր ակցիաները: Էրդողանը զգալի միջոցներ է ներդրել ավիաընկերության մեջ, քանի որ ձգտում է Ստամբուլը վերածել զբոսաշրջային հանգույցի, որպեսզի մրցի Դուբայի կամ Դոհայի հետ: Այդ նպատակով նա ներդրել էր 10 մլրդ եվրո Ստամբուլի նոր օդանավակայանի մեջ: 2019 թվականին Թուրքիայում զբոսաշրջության եկամուտը կազմել է 29 մլրդ եվրո:

Եթե եվրոպական առաջնորդները ցանկանային զսպել Էրդողանի ագրեսիան, նրանք կարգելեին «Turkish Air» ինքնաթիռների վայրէջքը եվրոպական օդանավակայաններում: Այդ դեպքում Էրդողանը կրկնակի կմտածեր, իսկ որևէ եվրոպական երկիր չէր տուժի:

Նույն ռազմավարությունը կիրառելի է Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսում: Եվրոպական զբոսաշրջիկները, որոնք կդիտարկեն օկուպացված Կիպրոսը որպես զբոսաշրջային ուղղություն, պետք է գիտակցեն, որ նրանք նպաստում են էթնիկ զտումներին: ԵՄ-ն կարող էր պատժամիջոցներ սահմանել նաև ընդդեմ ցանկացած ավիաընկերության կամ չարտերային ընկերության այդտեղ և ստիպել բյուջետային ավիափոխադրողներին որոշել՝ ծառայել ԵՄ-ին կամ Թուրքիայի օկուպացիային: և դարձյալ եվրոպական բիզնեսը կկրեր նվազագույն վնաս:

ԵՄ-ն օրակարգում ներկայացրել էր Մաքսային միությունը թարմացնելու հարցը՝ փորձելով բարելավել Թուրքիայի դիրքերն ու մեղմացնել Արևելյան Միջերկրական ծովում ճգնաժամը: Այդ առաջարկը պետք է անհապաղ մերժվի: Պատմությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Էրդողանն արձագանքում է միայն պատժամիջոցներին:

Եվրոպայի առաջնորդները, հավանաբար, հակված չեն պատժամիջոցներ սահմանել, սակայն երբեմն դրանք գործիք են, որն անհրաժեշտ է խաղաղություն հաստատելու և արյունահեղությունից խուսափելու համար: Չափազանց շատ ներկայիս և նախկին պաշտոնյաներ թույլ են տվել Էրդողանին հավատալ, որ նա ունի ավելի շատ ազդեցության լծակներ ԵՄ-ում, քան իրականում: Արևելյան Միջերկրական ծովում և Թուրքիայի սահմանների երկայնքով չի լինի խաղաղություն և կայունություն, քանի դեռ եվրոպացիները չեն ազատի նրան այդ կարծիքից: Այլ կերպ ասած՝ Էրդողանը սուլթան է, որը «հագուստ չի կրում»: Ժամանակն է, որ Եվրոպայի ղեկավարները հիշեցնեն նրան, որ իրականում նա մերկ և միայնակ է»,-նշված է գիտնականի հոդվածում:

News.am