ՄԻՊ․ Ադրբեջանը խնդիր է դրել էթնիկ զտում իրականացնել
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ–ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական բնակչության թիրախավորման և ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։
«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Թաթոյանը։
Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել նոր պայմանավորվածություններ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։