Զարուհի Բաթոյան. «Չգիտեմ՝ ինչու է Արման Թաթոյանը նման բան ասել»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ՄԻՊ-ի հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը:

Թաթոյանը մի քանի օր առաջ Facebook–ում գրել էր, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, որոնք այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցաջակցության ապահովման գործընթացին, պահանջում է գիտակցել սահմանադրական պարտականությունները ՄԻՊ–ի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը` բացառելով անպատասխանատու վերաբերմունքը և ապահովելով լիարժեք համագործակցություն ՄԻՊ աշխատակազմի հետ:

«Չգիտեմ՝ ինչու է Թաթոյանը նման բան ասել, պետք է նրան հարցնել։ Մենք համագործակցել ենք կառույցի հետ, ինչպես բոլոր պետական մարմինների հետ։ Ընդ որում` ավելի սերտորեն ենք համագործակցում, քանի որ հատկապես քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ավելի ընդհանուր եզրեր ունենք: ՄԻՊ-ի հետ մշտական հեռախոսազրույցների, նամակագրության մեջ ենք, ինչպես նաև ոչ պաշտոնական քննարկումների»,–ասաց Բաթոյանը։

Հարցին, թե չի՞ համապատասխանում իրականությանը Թաթոյանի` չհամագործակցելու մասին հայտարարությունը, Բաթոյանը պատասխանեց` ոչ։

Դիտարկմանը, թե ինչ-որ քայլ անելո՞ւ է այս կապակցությամբ, Բաթոյանն ասաց, որ հիմա չի կարող մեկնաբանել, տեղեկացնում է Sputnik Armenia: