ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԸ ԻՇԽԱՆԱՎՈՐ «ՄԱԺՈՐՆԵՐԻ» ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՉԷ

Բյուջետային համակարգի «ոսկե կանոնները» չեղարկվում են

Ս.թ. նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին 2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները: «Չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության կամ բյուջեի վրա: Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա: Այսպիսով, պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, ինչպես նաև մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ», - ընդգծեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Պետական բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սպասվող զանազան պակասուրդներին ավելացրեց ևս մեկ խնդիր. պատերազմի և համավարակի պայմաններում կառավարությունը ստիպված կլինի շեղում ունենալ բյուջետային համակարգի մասին օրենքում առկա «ոսկե կանոններից». մասնավորապես, ինչպես հայտարարեց նախարարը, «անխուսափելիորեն ունենալու ենք պետական պարտքի աճ, հաջորդ տարի կավելանա նաև պետական պարտքի սպասարկման գումարը»: Այսպիսով, ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի շեմը, որը ժամանակին սահմանվել է 60%-ի մակարդակում, կգերազանցվի։ Եվ սա շատ վատ լուր է, քանի որ, ըստ Ա.Ջանջուղազյանի, պետական պարտքի աճող բեռը սաստիկ նվազեցնում է հետագայում արտաքին փոխառություններ ներգրավելու հնարավորությունները։

Կխախտվի նաև մեկ այլ «ոսկե կանոն», այն է ՝ ներգրավված փոխառությունների գումարը կգերազանցի կապիտալ ծրագրերի ծախսերը։ Ըստ էության, այդ կանոնը չի աշխատել արդեն այս տարվա արդյունքներով, չենք խոսում արդեն նախորդ տարվա մասին: Առհասարակ Փաշինյանի կառավարությունում սիրում են խոսել կապիտալ ծրագրերի իրականացման ու ենթակառուցվածքներում ներդրումների կարևորության մասին, և ավելին, տարեցտարի ավելացնում են համապատասխան տողը պետբյուջեի ծախսային մասում (2021թվականի համար՝ 215 մլրդ դրամ), սակայն, ֆինանսների նախարարի խոստովանությամբ, այդ ոլորտում առկա է նախանշված ցուցանիշների ցածր կատարման քրոնիկական խնդիր։ Գործող կառավարությանը դեռ ոչ մի անգամ չի հաջողվել իրականացնել նախատեսված կապիտալ ծրագրերը. հակառակը, լավ է, եթե դրանց կատարումը գերազանցում է գոնե 50%-ը։

Մեկ այլ վատ լուր էլ այն է, որ, համաձայն ԱՄՀ-ի գնահատականների, 2021 թվականին տնտեսության վերականգնումը կսկսվի ավելի ուշ, քան ենթադրում էին կառավարությունում, և կընթանա ավելի դանդաղ: Եվ եթե 2020-ի բյուջեն ֆինանսների նախարարը գնահատեց որպես «ճգնաժամային», ապա 2021-ի բյուջեն կարող է բնավ ավելի լավը չլինել։ Հասկանալի է, որ արդեն կարելի է բնութագրել այն առնվազն որպես «զսպող», բայց սա էլ ակնհայտորեն վերջնական գնահատականը չէ։

Այս ծանր խորապատկերին իսկական «կրակոցի» պես հնչեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի հարցը, որը փաստաթղթի նախագծում նկատել էր «պարգևավճարներ» ծախսային հոդվածը, ըստ որի՝ հաջորդ տարի տարբեր տրամաչափի չինովնիկները (չհաշված քաղաքացիական ծառայողները) ստանալու են 19 մլրդ դրամով (կամ ավելի քան 21%-ով) ավելի շատ պարգևավճար, քան 2020-ին։ Ճիշտ է, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում շտապեց հանգստացնել հանրությանը նրանով, թե քննարկումների ընթացքում նշված ծախսային հոդվածը գուցեև կընդունի նույն տեսքը, ինչ որ ընթացիկ տարում։ Իսկ ֆորս-մաժորների պայմաններում պետական ծառայողների ախորժակը չափավորելու մասին, ըստ երևույթին, խոսք անգամ չկա. ողջ «պայքարն» այս հարցը քննարկելիս կհանգեցվի նրան, թե պետք է արդյոք ավելացնել պարգևավճարների գումարը, թե թողնեն ինչպես որ կա։

Ընդհանրապես բոլոր թվերն ու կանխատեսումները, որոնք ներկայացվեցին պետբյուջե-2021-ի տարբեր բնութագրիչներով, այնպիսիք են, ինչպիսիք «մատով գրում են ջրի վրա»։ Ինքը ՝ ֆինանսների նախարարը, միանշանակ հայտարարեց, որ «կանխատեսումների անորոշությունը չափազանց բարձր է»։ Պարզ է մեկ բան. այսօր քննարկվում է ինչ ասես, բայց միայն ոչ զարգացման բյուջե, իսկ «ցանկությունների բյուջեից» (կամ «երազանքի բյուջեից») փաստաթղթի այդ նախագիծը տարբերվում է նույնքան, որքան երկիրը երկնքից։ Չհաշված, իհարկե, վերը նշված «ցանկությունը» պարգևավճարների մասով

Основная тема:
Теги: