Արայիկ Հարությունյան. Երևանում գործարկվել է օպերատիվ շտաբ արցախցիներին տարաբնույթ աջակցության նպատակով

ԱՀ նախագահի հանձնարարականով Երևանում բացվել է օպերատիվ շտաբ, որն արդեն գործում է և պատրաստ է սպասարկել աջակցության և տարբեր կարիքներով դիմած արցախցիներին:

Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երևանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը»,- նշել է նախագահն իր Facebook-յան էջում:

Նշվում է, որ գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է նաև թեժ գիծ (010) 59-03-39 կամ ցանկացողները կարող են զանգահարել նաև 81-38 կարճ հեռախոսահամարին:

«Այս օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ պատկան մարմինների հետ՝ տեղում համակարգելու Արցախի Հանրապետության քաղաքացիների կարիքների գնահատման ու բավարարման աշխատանքները: Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության մեր քույր-եղբայրներին և ՀՀ կառավարությանը՝ այս ընթացքում ցուցաբերած և շարունակվող սրտացավ ու գործուն աջակցության համար»,- հայտնել է նախագահը: