Ձայների հաշվարկի առաջին գիշերից հետո ԱՄՆ նախագահական ընտրությունների ակնհայտ առաջատարը որոշված չէ

Ձայների հաշվարկի առաջին գիշերից հետո ԱՄՆ նախագահական ընտրությունների ակնհայտ առաջատարը որոշված չէ՝ Ջո Բայդենը ընտրողների միայն աննշան ձայներով է գերազանցում Դոնալդ Թրամփին: Երկու թեկնածուներն էլ սպասելիորեն հաղթել են այն նահանգներում, որոնք ավանդաբար քվեարկում են հանրապետականների կամ դեմոկրատների օգտին, հայտնում է BBC-ն:

Ընտրությունների արդյունքը կորոշվի «տատանվող» նահանգներում գրանցված արդյունքներով: Դոնալդ Թրամփը հաղթել է կարևոր՝ Օհայոյ, Տեխաս և Ֆլորիդա նահանգներում: Դեռ իրենց խոսքը պետք է ասեն Արիզոնան, Ջորջիան և Փենսիլվանիան:

Քվեարկության և ձայների հաշվարկի կանոնները տարբեր են բոլոր 50 նահանգներում: Շատ նահանգներում փոստով քվեաթերթիկները մնում են չհաշված:

Թրամփն իրեն ժամանակից շուտ հաղթող է ճանաչել և պատրաստվում է Գերագույն դատարանի միջոցով հասնել ձայների հաշվարկի ավարտին՝ ասելով, որ ընտրական հանձնաժողովները փորձում են խաբեություն իրականացնել:

Նախագահին, ի վերջո, ընտրում է ընտրական կոլեգիան: Թեկնածուն, ով նահանգում հաղթում է թեկուզ մեկ ձայնի առավելությամբ, ստանում է այդ նահանգի բոլոր ընտրողների ձայները (բացառությամբ Նեբրասկայի և Մեյնի)

Ընտրական կոլեգիայում 538 տեղ է: Ով հավաքում է դրանում առնվազն 270 ձայն (կեսը գումարած մեկ ձայն), նա հաղթում է: Այս պահին Բայդենն ունի 227 ընտրական ձայն, Թրամփը՝ 213:

Ընտրություններում հաղթողը կարող է չորոշվել ևս մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ: Որոշ նահանգներ մինչև նոյեմբերի քսանը ժամանակ են վերցրել ձայները հաշվելու համար:

Անցկացվում են նաև Ներկայացուցիչների պալատի ընտրություններ, և վերընտրվում է սենատորների մեկ երրորդ մասը: Դեմոկրատներն ակնկալում են մեծամասնություն ստանալ Սենատում, բայց մինչ այժմ նրանց հաջողվել է ավելացնել միայն մեկ ձայն, տեղեկացնում է News.am: