ԲՀԿ ներկայացուցիչները «Եդինայա Ռոսիայի» ղեկավար կազմի հետ քննարկել են արցախյան իրավիճակը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԲՀԿ–ն պատվիրակությունը, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի և ՌԴ Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ:
«ԲՀԿ երկարամյա գործընկեր «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Քննարկման առարկա են դարձել նաև պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելու հարցը»,–նշված է ԲՀԿ–ի ֆեյսբուքյան էջում։
ԲՀԿ ներկայացուցիչները փոխանցել են Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, ըստ որի` անհրաժեշտ է օր առաջ վերականգնել ՀՀ դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է:
ԲՀԿ–ն հույս ունի, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման գործում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: