Ադրբեջանի հերթական կեղծիքը` մինարեթի վրա ծածանվող դրոշ, բայց ոչ Շուշիում

Ադրբեջանը Շուշին գրավելու մասին հերթական կեղծ «ապացույցն» է ներկայացրել։ Այս անգամ` տեսանյութի տեսքով, որում իբր ներկայացված է Շուշիի մզկիթի մինարեթի վրա ծածանվող ադրբեջանական դրոշը։

Ընդ որում՝ այս կեղծիքը շատ արագ տարածվում է ադրբեջանական կայքերում ու տելեգրամ–ալիքներում, որոնց հեղինակներն ու այցելուները նույնիսկ չեն էլ փորձում ճշտել իրենց հրամցվող հերթական կեղծիքի իսկությունը։

Փոխարենը դա արել է ՀՀ տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Կենտրոնի աշխատակիցներն ընդամենը համադրել են տեսանյութում ներկայացված շինությունը Շուշիի մզկիթի հետ։

«Համոզվելու համար, որ գործ ունենք հերթական կեղծիքի հետ, բավական է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ»,– ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Հրապարակված լուսանկարից ակնհայտ է, որ Շուշիի մզկիթը բոլորովին այլ ճարտարապետական տեսք ունի։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ ադրբեջանցիները հիմա ամեն կերպ ուզում են Շուշիում իրենց դրոշը տեղադրել, քանի որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանում դրոշի օր է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։