ՊՆ․ Գիշերն առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում

Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը, առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում:

«Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Այդ մարտերում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը:

Հարավարևելյան և հարավային ուղղություններում հայկական ԶՈՒ–ը խոցել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:

Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են:

ՊԲ ստորաբաժանումները անհրաժեշտ միջոցառումներ են իրականացնում դրանք կասեցնելու, հակառակորդի խմբավորումները հայտնաբերելու ու խոցելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: