Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում:
Ըստ հաղորդագրության՝ ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցների մասին, որոնք ուղղված են եղել մարտական գործողությունները շուտափույթ դադարեցնելու տարբերակներ գտնելուն և քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելուն: «Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխհամագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, ՏԱՍՍ-ը, հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին, հայտնում է, որ Էրդողանը Պուտինի հետ բանակցություններում հայտարարել է, որ անհրաժեշտ է համոզել Հայաստանի ղեկավարությանը բանակցային սեղանի շուրջ նստել:
Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ այս հակամարտության վերրջնական լուծումը տարածաշրջանի կայունության հիմնական գործոնն է:
Կրեմլի մամուլի ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին և 2-ին Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում մանրակրկիտ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: