DTRA-Ի ՋՈԿԱՏԸ, կամ՝ «ԲՈՑԱՎԱՌ» ՈՂՋՈՒՅՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՂՈՍԻՑ

Այսօր մենք ավարտում ենք թեման, որ սկսել էինք ավելի վաղ հրապարակված «Բակտերիաների հավաքածուներ ստեղծողները. Պենտագոնի կենսալաբորատորիաների ցանցը Եվրասիայում. առասպելներ և իրականություն» և «Անմաքուր ուժի փորձագոտի, կամ՝ քաղցած մոծակը գրոհո՞ւմ է» հոդվածներում, որտեղ խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Ռուսաստանը վերջին տարիների ողջ ընթացքում կասկածում է ԱՄՆ-ին հետխորհրդային տարածքում Պենտագոնի միջոցներով սարքավորված կենսալաբորատորիաների երկակի նշանակության, ախտահարույց միկրոօրգանիզմների արհեստական բուծման մեջ, որոնք ուղղված են ախտահարելու որոշակի տարածքի կոնկրետ գենոտիպը, կենդանական աշխարհը կամ բնակչությանը էթնիկական զենք»)։

Այդ թեման այսօր առավել քան արդիական է՝ կապված COVID-19 կորոնավիրուսի համավարակի հետ, մանավանդ որ Չինաստանում սկսել են խոսել այն մասին, որ իրենց երկրում այդ ինֆեկցիայի տարածմանը կարող է առնչություն ունենալ Պենտագոնը։

Նախորդ հոդվածում մենք հույս հայտնեցինք, որ ռուստանյան մասնագետների, այդ թվում զինվորականների համար Հայաստանում գտնվող կենսալաբորատորիաների մուտքը բացող հայ-ռուսական հուշագրի նախապատրաստվող ստորագրումը կդնի բոլոր շեշտերը, լաբորատորիաների աշխատանքից վերցնելով գաղտնիության քողը և ցրելով դրանց երկակի (քաղաքացիական և ռազմական) գործունեության վերաբերյալ առկա մտավախությունները։ Սակայն դա՝ Հայաստանի պարագայում, բայց չէ՞ որ նույնպիսի լաբորատորիաներ Պենտագոնը ստեղծել է նաև Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում։ Եվ եթե հենց նույն Ղազախստանի հետ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, շարժվում է նույն հարացույցով, ինչ որ Հայաստանի, ապա Ուկրաինայի և Վրաստանի դեպքում ինչ-որ պայմանավորվածության հասնել դժվար թե հաջողվի (այդ մասին՝ ավելի ուշ)։

Մարտական մանրէների և վիրուսների, դրանց կրողների և փոխադրման միջոցների մշակումը՝ գործող միջազգային նորմերի շրջանցումով, վտանգ է ներկայացնում համայն մարդկության համար, բայց առաջին հերթին՝ այն երկրների, որոնց ԱՄՆ-ը դասում է իր աշխարհաքաղաքական և տնտեսական մրցակիցների թվին։ Այդ տեսանկյունից միանգամայն հասկանալի է Մոսկվայի անհանգստությունը՝ Կենսաբանական և թունավորող զենքի արգելման կոնվենցիայի (ԿԹԶԿ) շրջանցումով երկակի նշանակության հետազոտությունների անցկացման ծրագրերում հետխորհրդային տարածքի պետությունների ներգրավման առիթով։

 Այս ամենը առավելևս արդիական է ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և իր հարևանների բնակլիմայական պայմանների համար ոչ այնքան բնորոշ բռնկումների մասին մշտական հաղորդագրությունների խորապատկերին։ Այսպես, 2019 թվականի սեպտեմբերին Ուկրաինային սահմանակից ՌԴ հարավային շրջաններում (Տագանրոգ և այլն) կրկին արձանագրվեց մոծակների միջոցով տարածվող Արևմտյան Նեղոսի տենդ։ Իսկ Թբիլիսիի մոտ գտնվող Ալեքսեևկա ավանում 2011 թվականից գործող Լուգարի կենտրոնական ռեֆերալ լաբորատորիայի համալիրում «Վրաստանում և Կովկասում ավազաճանճերի բարկոդավորման (մոլեկուլային նույնականացման մեթոդ-Խմբ.) մասին իրազեկվածության բարձրացում» ծրագրի իրականացմանը զուգընթաց՝ Դաղստանի սահմանամերձ շրջանների բնակիչները հաղորդում էին ավազաճանճերի նմանվող և մի շարք վտանգավոր հիվանդություններ տարածող ճանճերի ի հայտ գալու մասին։ Միջատները մտնում էի փակ տարածքներ, կոյուղի, լոգասենյակներ և խայթում մարդկանց լոգանք ընդունելիս, ինչը սաստիկ ցան էր առաջացնում։

Science ամսագրում տպագրված «Գյուղատնտեսական հետազոտություններ, թե՞ կենսաբանական զենքի նոր համակարգ» հոդվածի հեղինակները ենթադրում են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության «Դաշնակից միջատներ» ծրագրի շրջանակներում վերջիններս կարող են օգտագործվել գենափոփոխ վիրուսների տարածման համար։ Պենտագոնի այդ ծրագրի մենեջեր Բլեյք Բեքսթայնը «Վաշինգտոն պոստ»-ին տված հարցազրույցում ժխտում է եվրոպական գիտնականների կասկածները, միաժամանակ ընդունելով, որ մշակվող մի շարք տեխնոլոգիաներ կարող են ունենալ երկակի նշանակություն։ ՌԴ ԶՈՒ-ի ՌՔԿ-պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը ավելի վաղ փաստաթղթեր էր ներկայացրել, որոնք ապացուցում էին Թբիլիսիի մերձակա Լուգարի կենտրոնում վարակված միջատների մարտական կիրառման (մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ տարածվող) տեխնոլոգիաների մշակումը։ Հասկանալի է, որ այդպիսի ԱՕԹՍ-ների կիրառումով հակառակորդի զորքերը կարող են ոչնչացվել կամ շարքից հանվել էժան միջոցով և առանց կենդանի ուժի հետ շփման ռիսկի։

Առավել մեծ անհանգստություն է ծնում հենց Լուգարի լաբորատորիան՝ իր թանկարժեք կենսատեխնոլոգիական սարքավորումով, որի շինարարության ծախսերը կազմել են մոտ 150 մլն դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է համանման քաղաքացիական օբյեկտների շինարարության ծախսերը և վկայում Վաշինգտոնի համար դրա մեծ կարևորության մասին։ Հենց Պենտագոնն է նախորոշում հետազոտությունների նպատակներն ու խնդիրները, լինելով անցկացվող աշխատանքների բոլոր նյութերի հասցեատերը։ Ավելին, այդ լաբորատոր համալիրի տարածքում կան փակ հատվածներ, որտեղ մուտքը թույլատրված է բացառապես ամերիկյան մասնագետներին։ Նշենք նաև, որ Լուգարի լաբորատորիայի հետ մեկտեղ Վրաստանում գործում են 11 լաբորատորիաներ Առողջապահության նախարարության համակարգում և նույնքան էլ՝ Գյուղատնտեսության նախարարության կառուցվածքում։ ԱՄՆ-ի շահերը քողարկելու համար այդ ցանցի օբյեկտներն իրավաբանորեն պատկանում են Վրաստանին (ինչպեսև Հայաստանում), իսկ աշխատանքների մեծամասնությունը կատարում է տեղացիներից կազմված անձնակազմը, բայց 15-20 թվաքանակով ամերիկացի փորձառու համաճարակաբանների ղեկավարությամբ։

Լուգարի լաբորատորիայի գործունեությունը հարուցում է տեղի բնակիչների դժգոհությունը՝ կապված պարբերաբար արձանագրվող վարակիչ հիվանդությունների բռնկումների հետ, որոնց աղբյուրը, փորձագետների կարծիքով, կենսաբանական զենքի մշակվող նմուշներն են։ Եվ չնայած 2019 թվականի սկզբին տարբեր երկրների, այդ թվում եվրոպական ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկին՝ կապված դրա գաղտնի գործունեության հետ, և Վրաստանի ԱԳՆ-ի այնուհետ հաջորդած հարկադրված հայտարարությանը՝ որպես բարի կամքի դրսևորում բացելու տարածքների մեծամասնության մուտքը միջազգային (այդ թվում ռուսաստանյան) փորձագետների և լրագրողների համար, բացառությամբ այն հատվածների, որտեղ պահվում են առավել վտանգավոր վիրուսների շտամները, աղմուկը մարելուց հետո վրացական կողմը դադարեցրեց քննարկումներն այդ հարցի շուրջ։

Ռուսաստանյան փորձագետների կարծիքով, Պենտագոնը հակառուսական սահմանագիծ է ձևավորում նաև Ռուսաստանի մյուս դաշնակցի՝ Ղազախստանի տարածքում։ Այսպես, Ալմաթիի ծայրամասում ամերիկացիները 2016 թվականին կառուցել են Կենտրոնական ռեֆերենտ լաբորատորիայի համալիրը՝ 108 մլն դոլար արժողությամբ։ Ինչպեսև Հայաստանի և Վրաստանի պարագայում, այդ օբյեկտը պաշտոնապես գտնվում է Ղազախստանի առողջապահության նախարարության ենթակայության տակ, բայց գործում է ԱՄՆ պաշտպանության նախարարության Սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) ֆինանսական աջակցությամբ։ Այստեղ նույնպես պարբերաբար հնչում են իշխանությունների հանգստացնող հայտարարությունները, բայց հարցեր են մնում վերջին ժամանակներս վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ կարմրուկի մի շարք բռնկումների իրական պատճառների վերաբերյալ։

Ուզբեկստանի տարածքում որպես DTRA-ի կողմից առաջ տարվող ծրագրին մասնակցող հաստատություն հանդես է գալիս Առողջապահության նախարարության Ժանտախտի, կարանտինային և առանձնակի վտանգավոր ինֆեկցիաների կանխարգելման հանրապետական կենտրոնը։ Առաջին ազգային ռեֆերենս-լաբորատորիան բնակչությամբ խոշորագույն այդ կենտրոնասիական երկրում բացվել է 2007 թվականին, իսկ ներկայումս այդ ցանցը ներառում է 10 օբյեկտ և ընդգրկում երկրի գրեթե ողջ տարածքը։ Այստեղ նույնպես, ինչպեսև ամենուր, կենսաբակտերիոլոգիական ցանցի ծավալումն ուղեկցվում է համաճարակների պարբերական բռնկումներով, այդ թվում՝ անհայտ ծագման, որոնց մասին տեղեկատվությունը ծայրաստիճան սուղ է։ Այսպես, 2011 թվականին միայն մեկ օրվա ընթացքում Տաշքենդի մոտ գտնվող հիվանդանոց են տեղափոխվել 70 քաղաքացիներ, որոնցից ոմանց վիճակն այն աստիճան ծանր էր, որ կտրուկ ընկած արյան ճնշման պատճառով դադարում էին շնչել։ 2012 թվականին հանրապետությունում բռնկվեց անհայտ հիվանդություն, որը 10 մարդու կյանք խլեց։ 2017 թվականի գարնանը Տաշքենտում սկսվեց ջրծաղիկի համաճարակ, և նախկին ժամանակաշրջանի համեմատ աճեց այդ վտանգավոր «մանկական» վիրուսային հիվանդությամբ վարակված մեծահասակների թիվը

Այսպիսով, այսօր կենսաբանական անվտանգության խնդիրները հոլիվուդյան դրամատիկ բլոկբաստերներից, որոնք ներկայացնում էին հնարավոր, այդ թվում արհեստականորեն հարուցված համաճարակների գեղարվեստական պատկերները, վստահորեն տեղափոխվել են մեր իրական կյանք, ինչի պերճախոս վկայությունը դարձավ COVID-19 կորոնավիրուսի համավարակը։ Եվ դրա վրա աչք փակել այլևս չի կարող ոչ ոք

Основная тема:
Теги: