ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՀԻՆ ՄԵՆՔ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՆՔ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՄԲ

Եվրոպացի հայտնի ինտելեկտուալ Իվան Կրաստևը կարծում է, որ COVID-19 վարակի հետևանքով առաջացած ճգնաժամից հետո հաջողության կհասնի նա, ով հիմա խուճապի մեջ է: Կառավարությունները կուժեղանան, ազգայնականությունը կվերադառնա, բայց արդեն այլ կերպարանքով: Բացի այդ, պրոֆեսիոնալները կրկին պահանջված կլինեն:

Իվան Կրաստևը հոդված է գրել այն մասին, թե ինչպիսի ազդեցություն կունենան մեր կյանքի վրա այս զարմանալի օրերը:

«Ոչ ոք չգիտի, թե երբ և ինչով կավարտվի COVID-19-ի համավարակը: Հետևաբար, այժմ մենք կարող ենք միայն ենթադրություններ անել նրա երկարաժամկետ քաղաքական և տնտեսական հետևանքների վերաբերյալ: Ճգնաժամի պահին մենք վարակված ենք անորոշությամբ», - գրում է նա:

Չնայած բազմաթիվ հարցերին, ըստ Կրաստևի, արդեն իսկ կարելի է որոշ դասեր քաղել, որոնք հաստատում են, որ այս ճգնաժամը արմատապես տարբերվում է նախորդներից:

Ուժեղ իշխանությունը կփոխի մարդկանց պահվածքը

Կրաստևը համոզված է, որ, ի տարբերություն 2008-2009 ֆինանսական ճգնաժամի, կորոնավիրուսը կպահանջի պետական կոշտ միջոցների վերադարձը:

Ստեղծված իրավիճակը նրան ավելի շատ հիշեցնում է 1929 թվականի Մեծ դեպրեսիային հետևած ժամանակահատվածը, երբ մարդիկ, հիասթափվելով ազատ շուկայից, պահանջում էին ուժեղ կառավարության միջամտությունը: Հիմա, ըստ Կրաստևի, մարդիկ ապավինում են, որ պետությունը հոգ կտանի հավաքական պաշտպանության համար և կփրկի խորտակվող տնտեսությունը:

Սահմանների և ազգային պետությունների վերադարձը

Ամենաակնհայտ երևույթներից մեկը հարմարավետության կորուստն է, որն ապահովում էր ազատ տեղաշարժը Շենգենյան գոտում:

Կրաստևի կարծիքով, կորոնավիրուսը ցույց է տալիս սահմանների և ազգ-պետությունների միստիկական դերը: Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր կառավարություն նախևառաջ հոգ է տանում իր քաղաքացիների մասին:

«Կորոնավիրուսը ամրապնդում է ազգայնականությունը, թևը նրա ոչ էթնիկ ձևը», - կարծում է գիտնականը:

Փորձագետների և գիտության վերադարձը

Սոցցանցերի ուժը ցույց տվեց, որ մարդիկ հաճախ նախընտրում են կարդալ անհեթեթություն, հիմարություններ, բամբասանքներ և կանխամտածված ապատեղեկատվություն՝ լուրջ հոդվածների փոխարեն, որոնց հեղինակները տասնամյակներ շարունակ այս կամ այլ խնդրով զբաղվող փորձագետներ են:

Այժմ, ըստ Կրաստևի, ամեն ինչ կարող է փոխվել, և կորոնավիրուսը վերջ կդնի պոպուլիստական քաղաքական գործիչների դարաշրջանին:

«Մարդկանց մեծ մասը պատրաստ է հավատալ մասնագետներին և ուսումնասիրել գիտական ապացույցներ, երբ խոսքը վերաբերում է սեփական կյանքին: Պրոֆեսիոնալիզմը կրկին պահանջված է», - կարծում է նա:

Քաղաքացիներին հետևելու ցանկությունը

«Դժբախտաբար, կորոնավիրուսը կավելացնի հետաքրքրությունը տվյալների լայնածավալ հավաքագրման չինական մոդելի հանդեպ», - կարծում է Կրաստևը:

Արդեն տեսնում ենք, որ նույնիսկ կայացած ժողովրդավարություն ունեցող երկրների կառավարությունները գրոհում են մասնավոր կյանքը և համաճարակը դադարեցնելու համար արդեն սկսել են ֆիքսել իրենց քաղաքացիների թողած բոլոր հնարավոր թվային «հետքերը»:

«Խուճապի մատնվեք և հաջողության կհասնեք»

Այն կառավարությունները, որոնք նախկինում բախվել են տնտեսական և միգրացիոն ճգնաժամերին, ինչպես նաև ահաբեկչական սպառնալիքին, քաջատեղյակ են, որ խուճապը ամենավատ թշնամին է:

«Եթե ահաբեկչությունից մեկ ամիս անց մարդիկ փոխեին իրենց սովորական պահվածքը և դադարեին լքել իրենց տները, դա միայն կօգներ ահաբեկիչներին հասնել իրենց նպատակներին», - գրում է Կրաստևը: Նման բան, ըստ նրա, տեղի ունեցավ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո, երբ մարդկանց վարքագծի փոփոխությունները միայն խորացրեցին ճգնաժամի հետևանքները:

Այդ իսկ պատճառով առաջնորդները սկսեցին կրկնել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Պահպանեք հանգստություն» և «Խուճապի մի մատնվեք»: Բայց հիմա կառավարությունները մեզ ասում են, որ մենք պետք է փոխենք մեր սովորական պահվածքը, նրանք մեզ ասում են, որ պետք է մնանք տանը և ոչ ոքի չհանդիպենք:

«Կառավարության հաջողությունը մեծապես կախված է մարդկանց վախեցնելու ունակությունից, որպեսզի նրանք անեն այն, ինչ իրենց հրամայում են: Համավարակի դադարեցման համար մարդիկ պետք է խուճապի մատնվեն և արմատապես փոխեն իրենց կենսակերպը», - ասում է Կրաստևը:

Մարդիկ թե՞ տնտեսությունը

Ինչ-որ պահի, կառավարությունները, ըստ Կրաստևի, ստիպված կլինեն ընտրել երկու ճանապարհի միջև՝ դադարեցնել համավարակի տարածումը, ոչնչացնելով տնտեսությունը կամ թույլ տալ ավելի շատ մահեր, բայց փրկել տնտեսությունը:

Կրաստևը դեռևս չի փորձում կանխատեսել COVID-19 համավարակի քաղաքական ազդեցությունը: Օրինակ՝ մի կողմից ճգնաժամը հաստատեց հակագլոբալիստների վախերը (փակ օդանավակայաններ և մարդկանց ինքնամեկուսացում):

«Բայց հակագլոբալիստական նոր շարժումները, պարադոքսալ կերպով, կարող են թուլացնել պոպուլիստական խաղացողները, որոնք լուծումներ չեն առաջարկում», - կարծում է Կրաստևը:

Նա արդեն իսկ հասկանում է, որ կորոնավիրուսը հսկայական ազդեցություն կունենա Եվրամիության որոշումների վրա: Մենք դեռ կտեսնենք, թե ինչպես կփոխվի եվրոպական նախագիծը: Բայց արդեն պարզ է, որ կորոնավիրուսը բանավեճեր է հարուցելու որոշ կարևորագույն հիմքերի վերաբերյալ, որոնց վրա խարսխված է Եվրամիությունը:

Mediamax.am