ԿՐԱԿԵԼՈՒ ՎԵՑ ՊԱՏՃԱՌ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

Պարզաբանումների են սպասում ՀՀ ԱԳՆ-ից

Մարտի 30-ի երեկոյան Ադրբեջանը հերթական զինված արտագրոհը ձեռնարկեց հայ-ադրբեջանական սահմանի վրա։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Շուշան Ստեփանյանի հաղորդման, 19։00-ի սահմաններում ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Նոյեմբերյանի շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ։

«Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ասվում է հաղորդագրությունում։

Ավելի ուշ տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ տղան վիրավորվել է իր տան բակում, նրան տեղափոխել են Երևան, վիրահատել, ներկայումս դեռահասի, ինչպեսև երկու զինծառայողների կյանքին, փա՜ռք Աստծո, ոչինչ չի սպառնում։ Նույն երեկոյան ԶԼՄ-ները հաղորդեցին, որ գնդակոծվել են Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի գյուղերը։

Ինչ վերաբերում է Բաքվի արձագանքին, ապա դա առավել քան պերճախոս էր. մարտի 30-ի երեկոյան հաղորդագրություն հայտնվեց այն մասին, թե Բաղանիս և Ոսկեվան գյուղերի մոտ տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները «խոշոր տրամաչափի գնդացիրներով հրակոծել են քաղաքացիական անձանց բնակելի տներն փոխադրամիջոցները Ղազախի շրջանի Ղուշչու Այրիմ գյուղում»։ Հաջորդ առավոտյան Ադրբեջանի նույն Պետսահմանապահ ծառայությունն արդեն մոռացավ «հայկական սադրանքի» մասին ու դիվերսիայի և զինծառայողի ու անչափահաս քաղաքացիական անձի վիրավորման մասին Երևանի հաղորդագրությունն անվանեց «իրականությանը չհամապատասխանող»։ Այսինքն, Բաքվի տրամաբանությամբ, հայկական կողմը հորինել է և՛ երեխայի, և՛ երկու զինծառայողների վիրավորվելու փաստը։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը համավարակի պայմաններում դադարեցրել է մշտադիտարկումը Արցախի առաջնագծում, երկու անգամ հանդես է եկել համառ կոչով՝ «դրսևորելու առավելագույն հնարավոր զսպվածություն, որպեսզի նվազեցվի ահագնացման վտանգը, այդ թվում՝ գոյություն ունեցող անմիջական կապուղիների առավելագույն օգտագործման ճանապարհով»։ Գլոբալ զինված բախումները դադարեցնելու կոչով դիմել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, որին Տավուշի իրադարձությունների բառացիորեն նախօրեին միացավ Հռոմի պապը։ Այդ կոչերին օպերատիվ կերպով արձագանքեցին Երևանն ու Ստեփանակերտը՝ ողջունելով դրանք։

Բաքուն նույնպես չլռեց։ Եվ պատասխանեց հայկական սահմանամերձ գոտու գնդակոծումների հաճախականացմամբ և իրավիճակի նպատակաուղղված սրումով, ինչի մասին հստակ վկայում է հրադադարի ռեժիմի խախտումների դինամիկան արցախյան առաջնագծում։ Նման պայմաններում համանախագահների կողմից «անմիջական կապուղիների» վկայակոչումը ոչ միայն պարզապես անպատեհ, այլև բացահայտ ծաղր է թվում իրողությունների հանդեպ։ Չենք խոսում արդեն միջնորդների նախորդ հայտարարությունների մասին, որտեղ գլխավոր շեշտը դրվում էր «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու» վրա։ Ադրբեջանը հերթական անգամ և միանգամայն համոզիչ կերպով ապացուցեց, որ Բաքվի համար նման պնդումներն ու հղումները ոչ ավելին են քան դատարկ հնչյուն, իսկ համանախագահների չարդարացված խաղաղ հռետորաբանությունը ոչ ավելին է, քան քող՝ հարմար պահին զինված ագրեսիայի նոր դրսևորումների համար։ Ողջ աշխարհն ընդգրկած համավարակն ու մարդկության պայքարը վտանգավոր հիվանդության դեմ հենց այդպիսի պահ է Ալիևի համար։ Եվ մի տեսակ դժվար է հավատալ, թե ահա արդեն ավելի քան քառորդ դար շարունակ այդ հակամարտությամբ զբաղվող համանախագահները դա չեն հասկանում։

Մարտի 30-ի միջադեպի վերաբերյալ Բաքվից ստացվող հակիրճ հաղորդագրություններում ոչ մի կերպ չի բացատրվում, թե ինչու պիտի Հայաստանը սրի իրավիճակը սահմանի վրա՝ առանց այդ էլ բարդագույն այս ժամանակաշրջանում։ Պատճառը պարզ է. պատճառներ չկան։ Իսկ այ Ադրբեջանը և անձամբ Իլհամ Ալիևը միանգամից մի ամբողջ շարք պատճառներ ունեն իրավիճակն ահագնացնելու համար։

Առաջին. համընդհանուր ընտրություններն Արցախում։ Այդ առնչությամբ նշենք, որ Տավուշում զինված դիվերսիայից բառացիորեն մի քանի ժամ առաջ Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ, թե իբր՝ «Արցախում կայանալիք ընտրությունները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խափանում ադրբեջան-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»։ Կարճ ժամանակ անց Ակարայի «կրտսեր եղբայրը» Հայաստանի սահմանի օրինակով ակներևաբար ցույց տվեց, թե հատկապես ով է բացահայտ ու լկտիաբար խափանում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։

Երկրորդ. Ադրբեջանը ստուգում է միջազգային հանրության, առաջին հերթին՝ համանախագահների արձագանքը։ Ալիևը փաստացի հրապարակավ արտահայտում է իր իրական վերաբերմունքը Մինսկի խմբի նկատմամբ, ցինիկ մարտահրավեր նետելով միջնորդներին. իբր՝ թքած ունեմ ձեր բոլոր հորդորների ու կոչերի վրա։ Սրելով իրավիճակը հենց հայ-ադրբեջանական սահմանի վրա, նա ստուգում է նաև ՀԱՊԿ-ի արձագանքը։ Եվ վերջապես, Բաքվի բռնապետը, հավանաբար, հող է շոշափում, փորձելով հասկանալ, թե որքանով է առհասարակ համաշխարհային հանրությունն ընդունակ արձագանքելու ՄԱԿ-ի անդամ երկրի հանդեպ զինված ագրեսիային՝ համավարակի և կորոնավիրուսի դեմ պայքարում համընդհանուր ընկղմվածության պայմաններում։

Երրորդ. իրավիճակն Ադրբեջանում բավական բարդ է և սրվում է օրըստօրե, ինչն ակնհայտ է նույնիսկ դատելով Բաքվի մամուլի հաղորդագրություններից։ Բազմաթիվ ապացույցներ կան, որ նոր ինֆեկցիայով վարակվածների թիվն իրականում շատ ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարվածը, ընդ որում սա վերաբերում է նաև մահվան դեպքերին։ Համացանցում սարսափազդու կադրեր են տարածվում մերթ գետտոյի նմանվող ճամբարից, որտեղ մղձավանջային պայմաններում պահում են բազմաթիվ հիվանդների, մերթ Նախիջևանում գտնվող նկուղից, որտեղ փակել են Իրանից վերադարձած ադրբեջանցի ուսանողներին։ Բավական հատկանշական է կառավարության մամլո քարտուղարի այն հայտարարությունը, որ «կորոնավիրուսի դինամիկան հիշեցնում է Իսպանիան». սա, ընդգծեմ, ասվել է մարտի 27-ին։

 Իշխանությունների համար իրավիճակի բարդության համոզիչ հաստատումը դարձավ ներքին զորքեր մտցնելը Բաքու։ Համաձայն պաշտոնական հաղորդագրությունների՝ «միջոցների խստացման կապակցությամբ և ոստիկանության հետ համատեղ հսկողության համար»։ Հիշեցնենք, որ այդ երկրում արտակարգ դրության ռեժիմ դեռևս մտցված չէ. միայն կարանտին։ Ինչո՞ւ ներգրավել զորքերը, եթե իրավիճակը վերահսկելի է և չի առաջացնում ալիևյան ռեժիմի առանձնակի մտավախությունները։

Չորրորդ՝ հարակից հանգամանքը մարտի 31-ին նշվող «ադրբեջանցի ժողովրդի ցեղասպանության օրն» է, որն ուղեղին զոռ տալով ծնել է Բաքվի քարոզչությունը՝ նույնիսկ այդ հարցում հայերի հետ «համեմատվելու» լկտի փորձերով։

Հինգերորդ. Ալիևի ձգտումը արտաքին ագրեսիա գումարել Հայաստանում տիրող ներքին բարդ իրավիճակին, կապված ինչպես կորոնավիրուսի և դրանից բխող բոլոր հետևանքների, այնպես էլ հայ հասարակության մեջ առկա որոշակի պառակտման հետ։ Ցանկություն է առաջանում միայն հիշեցնել Բաքվի ռազմավարներին, որ ոչ մի ներքին տարաձայնություն և խժդժություն չի կարող խանգարել հայ ժողովրդին միավորվել արտաքին սպառնալիքի առջև, ինչը բազմիցս ապացուցվել է հակամարտության ժամանակակից փուլի ավելի քան երեք տասնամյակների ընթացքում։

Վերջապես, վեցերորդ. թուրքի վաղուց և լայն հայտնի մտածելակերպն է՝ հաշվի չառնելով ոչ մի բան, կրակել՝ սպանելու, վախեցնելու, իր և սեփական գազանային էության մասին հիշեցնելու համար։ Այստեղ կա մի գործուն միջոց, շատ ավելի արդյունավետ, քան բոլոր ապավինումները համաշխարհային հանրությանը. պատժել ուժով։

Հիշեցնենք, որ Տավուշում ադրբեջանական ագրեսիայի դատապարտումով և գնահատականով հանդես են եկել Հայաստանի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունները։ ԱԳՆ մամլո քարտուղարն ավելի ուշ հայտարարեց, որ նման պայմաններում կա գործողությունների հստակ գործիքակազմ, նկատի ունենալով միջազգային գործընկերների և կազմակերպությունների իրազեկումը։ Իր մասով տեղեկացնելու մտադրության մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի օմբուդսմենը։

Այս ամենը, իհարկե, լավ է։ Սակայն փորձագետներն ուշադրություն են դարձնում ԱԳՆ հայտարարության մեջ հնչած մի տարօրինակ արտահայտությանը։ Այն է. «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»։

Ի՞նչ է նշանակում՝ «որևէ կերպ չհրահրված այս խախտումը»։ Հատկապես ի՞նչ նկատի ունի նախարարությունը։ Հուսալով կոնկրետ պարզաբանում ստանալ գերատեսչությունից, առայժմ մեջբերենք քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, որը հնչեցրել է այդ արտահայտության հետ կապված մի քանի հարցեր։

«Իսկ նախկինում հրահրե՞լ ենք: Իսկ հրահրողները ՀՀ կամ ԼՂ զինված ուժե՞րն են եղել: Թե՞ ՀՀ կամ Արցախի խաղաղ բնակչությունը։ Ինչո՞վ է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոնկրետ այս խախտումը տարբերվում այլ խախտումներից, որ մեր պատասխանն էլ է տարբերվող: Կարող է ինչ-որ լրացուցիչ պայմանավորվածությո՞ւն է եղել»,-գրել է փորձագետը։