COVID-19. «ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԿՏ» ԵՐԿՐԱԳՆԴԻ ՀԱՆԴԵՊ

Ուշքի կգա՞ արդյոք միջազգային հանրությունը՝ Հայաստանի շրջափակման առումով

Ահա արդեն 32 տարի է, սկսած հեռավոր 1988 թվականից, Ադրբեջանը, իսկ քիչ ավելի ուշ նաև Թուրքիան, իրականացնում են Հայաստանի խստագույն տնտեսական շրջափակում. ոչ մեծ երկրի, որն ընդ որում անմիջական ելք չունի դեպի ծով։

Եվ բոլոր այս տարիներին ու տասնամյակներին միջազգային հանրությունը լուռ հետևում է թուրքալեզու երկու պետությունների հանցավոր գործողություններին, որոնք արգելված ու պատժելի են միջազգային իրավունքի շրջանակներում։ Հիշեցնենք, որ կտրականապես արգելված է շրջափակում կիրառել որևէ երկրի նկատմամբ, եթե չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիան, և այդպիսի գործողությունները դիտարկվում են որպես «ագրեսիայի ակտ՝ անկախ պաատերազմի հայտարարումից»։

Այդուհանդերձ այդ խնդիրն իսպառ բացառված է տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգից ու Մինսկի գործընթացից, և անցած ժամանակաշրջանում ոչ ոք ծպտուն անգամ չի հանել Բաքվի և Անկարայի պատասխանատվության մասին և չի պահանջել շրջափակման վերացում, ոչ ոք չի էլ նկատել, որ մեր երկրի մեկուսացումը (միջազգային հարաբերություններում անթույլատրելի) տարածաշրջանային տրանսպորտային-լոգիստական, էներգետիկ և տնտեսական նախագծերից և այդպիսով համակողմանի խոչընդոտումը ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ պետության զարգացմանը, վաղուց դարձել է հարևան երկու ոչ բարեկամական երկրների տարածաշրջանային քաղաքականության անկյունաքարը։

Прозреет ли наконец международное сообщество в отношении блокады Армении?

Թուրքալեզու երկու պետությունների կողմից պաշարման երեք տասնամյակների ընթացքում հայկական պետությանը զգալի վնաս է հասցվել, բայց այսպես կոչված միջազգային հանրությունը ողջ այդ ընթացքում այդպես էլ չմտահոգվեց Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի պատերազմի այդ ակտը դադարեցնելու խնդրով, ստիպելու միջազգային հարաբերությունների միջնադարյան մեթոդներով առաջնորդվող հարևան երկու երկրներին դադարեցնել ամոթալի շրջափակումը։ Իսկ այսօր համավարակի հետ կապված շրջափակման, ավելի ճիշտ՝ ինքնաշրջափակման մեջ է ողջ աշխարհը, որը, կոպիտ ասած, սեփական կաշվի վրա է զգում դրա ողջ «հմայքը»։

Այսպես, ԱՀՄ-ի կարգադրիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի խոսքերով, համաշխարհային տնտեսությունը մտել է ռեցեսիայի շրջան, որը 2008-2009թթ. գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից վատթար է լինելու։ Տնտեսագետները նախազգուշացնում են, որ կորոնավիրուսը համաշխարհային տնտեսությանն արդեն տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է պատճառել, իսկ ընդհանուր կորուստները կկազմեն 4 տրլն դոլարից ոչ պակաս։ «Եթե նախքան ԵՄ-ում և ԱՄՆ-ում կարանտին հայտարարելը փորձագետները կանխատեսում էին համաշխարհային հարստության աճի տեմպերի լոկ դանդաղում, ապա ներկայումս նրանց մեծամասնությունը համակարծիք է, որ աշխարհը կաղքատանա»,-հաղորդում է Բի-Բի-Սին։ Իսկ ճանաչված տնտեսագետ Մոհամմեդ էլ Էրիանը ուշագրավ եզրահանգում արեց. «Մենք ապրում ենք աճող փոխկապակցվածության ձգտող համաշխարհային տնտեսության պայմաններում։ Սակայն առողջության պահպանումը մեզանից անսպասելիորեն պահանջեց սոցիալական հեռավորություն պահպանել և մեկուսանալ։ Դա հակասում է այն ամենին, ինչն ընկած է տնտեսական աճի, բարօրության և ֆինանսական կայունության հիմքում»։

Այսօր COVID-19 համավարակի տարածմանը հակազդելու նպատակով բոլոր երկրների կողմից ձեռնարկվող տարաբնույթ միջոցառումները խաթարում են արտաքին արմատական կապերը, ինչն էլ ըստ էության շրջափակման հիմնական բնորոշիչն է։ Գուցե այսօր մեզ ավելի լավ հասկանան աշխարհում, որն ինքնամեկուսացման և փաստացի շրջափակման հետևանքով ահռելի կորուստներ է կրում։ Բացառված չէ, որ փոքրիկ Հայաստանի ձայնը, որին ահա արդեն ավելի քան 30 տարի թույլ չեն տալիս լիակատար չափով զարգացնել իր տնտեսությունը, օգտվել տրանսպորտային-լոգիստական շահավետ հանգույցներից և ներգրավվել տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերում, վերջապես կլսեն։

Ավելին, անցանկալի փորձը նույնպես փորձ է։ Մենք արդեն վաղուց «պատասխան միջոցներ» ենք մշակել շրջափակման դեմ, կենտրոնանալով տնտեսական գործունեության նոր ուղղությունների յուրացման, առևտրատնտեսական նոր գործընկերներ, այլ շուկաներ, լոգիստական այլընտրանքային երթուղիներ գտնելու վրա։ Օրինակ, եթե խոսենք տնտեսական գործունեության նոր ուղղությունների մասին, ապա դժվար թե պատահականություն է, որ Հայաստանում անկախության տարիների ընթացքում ակտիվորեն զարգացել են տնտեսության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ), ալմաստի մշակումը և ընդհանրապես ակնագործությունը, բանկային մասնահատվածը, այսինքն այն ոլորտները, որոնց համար տրանսպորտային լոգիստիկան փոքրիշատե էական նշանակություն չունի։ Իսկ այն դեպքում, եթե չհաջողվի կարճաժամկետ հեռանկարում հաղթել կորոնավիրուսին, ողջ աշխարհը ստիպված կլինի շարժվել նույն ճանապարհով։ Մենք չէինք ցանկանում, բայց այնպես ստացվեց, որ դեպի «նոր աշխարհ» տանող այդ ուղին ստիպված եղանք հարթել հենց մենք։

Սեփական ինչ-ինչ նպատակներով ամբողջ երկրներ շրջափակելը Թուրքիայի և իր արյունակից հետևորդի ավանդական հոգեկերտվածքի մեջ է, որոնք իրենց իրավունք են վերապահում միջազգային բոլոր նորմերի խախտումով «պատերազմի ակտ» կիրառել խաղաղ պայմաններում։ Այսօր հենց իրենք են շրջափակման մեջ՝ բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի համար դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուշքի կգա՞ն։ Իսկ գլխավորը, ուշքի կգա՞ արդյոք, թեկուզ ուշացումով, այսպես կոչված քաղաքակիրթ միջազգային հանրությունը։

 

Основная тема:
Теги: