Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում խուսափել քաղաքացիական պատերազմից
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին հայտարարություն է արել։ Տեղեկությունը հայտնում է ilur.am կայքը։
Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականն, ըստ նրա, քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափելն ու ներքաղաքական հակասությունները հաղթահարելն է` բացառապես սահմանադրական ճանապարհով։
«Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար»,– նշում է Տեր–Պետրոսյանը։
Նա նաև հույս է հայտնում, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար, տեղեկացնում է News.am-ը։