ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ «ՎԱՆԳԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ». ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԻ Է ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ, ԻՆՉԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ ՄԵ՞Զ

Արցախում կայանալիք 2020թ. ընտրությունները սկզբունքորեն տարբերվում են նախորդներից, ուստիև բոլոր համեմատությունները հարաբերական են. դրանում համակարծիք են թերևս բոլոր փորձագետները: Այդ հարցում իր խոր հետքն է թողել, նախ՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, որը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ Արցախի վրա, և երկրորդ՝ աշխարհն ընդգրկած կորոնավիրուսի համավարակը: Մնացած գործոնները կցված են երկու հիմնականներին: Մանրամասն վերլուծությունը, ամենայն հավանականությամբ, պետք է արվի ապրիլի 14-ին կայանալիք երկրորդ փուլից հետո, բայց այսօր անհնար է չնշել մի շարք հետաքրքիր տեսանկյուններ՝ կապված գլխավորապես միջազգային արձագանքի հետ:

Խոսքը, նախեվառաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին է, որը հնչեցվեց մարտի 31-ի երեկոյան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ի գիտություն են ընդունում Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, «ընդհանուր ընտրությունները», որի առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 31-ին», - ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված փաստաթղթի առաջին պարբերությունում:

Ընդգծեմ. հայտարարությունը հրապարակվել է քվեարկության ավարտից մոտ մեկ ժամ անց, երբ դեռ չէին կարող հայտնի լինել թեկուզ մեկ շրջանի կամ տեղամասի արդյունքները: Այդուհանդերձ միջնորդները գործնականում կանխագուշակեցին նախագահական ընտրությունների արդյունքը՝ բոլորին նախազգուշացնելով, որ տեղի է ունեցել լոկ առաջին փուլը: Իսկ մենք ՝ հասարակ մահկանացուներս, չունենալով ողջ ներքին տեղեկատվությունը և օժտված չլինելով այդչափ ապշեցուցիչ խորաթափանցությամբ, միայն հաջորդ օրվա երկրորդ կեսին՝ ապրիլի 1-ին իմացանք, որ սպասվում է ևս մեկ փուլ:

Այս առումով ի հայտ են գալիս բազմաթիվ հարցեր, սակայն դժվար թե մենք ստանանք դրանց պատասխանները: Այդ թվում՝ գլխավոր հարցինը. որտեղի՞ց էր միջնորդներին կանխավ հայտնի, որ բանը չի ավարտվի մարտի 31-ին: Որքան հիշում եմ, համանման բնույթի, այսինքն Արցախի ընտրությունների հետ կապված նախկին հայտարարություններից ոչ մեկում այդ ձևակերպումը չի գործածվել: Հաշվի առնելով կազմակերպության հեղինակավորությունը և միջնորդների փորձը, պետք է բացառել պատահականությունը: Եվ ի՞նչ է մնում արդյունքում: Գործընթացի ծրագրվածություն և վերահսկելիությո՞ւն:

Ուշադրություն դարձնենք հայտարարության ևս մեկ պարբերությանը, որը նույնպես չի համապատասխանում համանախագահների ընդունված պաշտոնական բառապաշարին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում համանախագահները գիտակցում են Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը նրա ապագան որոշելու հարցում՝ ելնելով 2019թ-ի մարտի 9-ի համանախագահների հայտարարության մեջ վերահաստատված սկզբունքներից և տարրերից», - ասվում է հաղորդագրության մեջ: Այս ցուցանշական արտահայտությունից անմիջապես հետո, որն ակնհայտորեն չէր կարող դուր գալ Բաքվին, համանախագահները շտապեցին հանգստացնել ադրբեջանական կողմին այն հավաստիացումներով, թե իբր՝ «Լեռնային Ղարաբաղը եռանախագահող երկրների կամ որևէ այլ պետության կողմից չի ճանաչվում որպես անկախ և ինքնիշխան պետություն»: Կարծես թե ինչ-որ մեկը կասկածում էր...

Այն միտքը, որ սեփական ապագան պետք է վճռեն իրենք՝ արցախացիները, միջնորդների կողմից այս կամ այն ձևով բազմիցս արտահայտվել է նաև նախկինում. տարբեր հարցազրույցներում և մամուլի համար նախատեսված մեկնաբանություններում: Բայց ընտրություններին անմիջականորեն վերաբերող պաշտոնական փաստաթղթում դա, որքան հիշում ենք, առաջին անգամ է։

Այժմ՝ ինչ վերաբերում է այն պնդումներին, որ համանախագահ երկրները չեն ճանաչում ընտրությունները: Ահա ուրեմն, այդ երկրներից ոչ մեկը`Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, առ այսօր, քվեարկությունից 2 օր անց հանդես չեն եկել հայտարարությամբ: Նրանք պարզապես լռում են, և այդ լռությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պատճառաբանելն այստեղ անպատեհ է. դիվանագիտական կյանքը, անկախ ամենից, ընթանում է իր հունով: Գուցե, նախապես տեղյակ լինելով երկրորդ փուլի մասին, նրանք նախընտրում են սպասել վերջնական արդյունքներին, բայց փաստը մնում է փաստ. Մինսկի խմբի համանախագահ երկրներից ոչ մեկը դեռևս հայտարարություններ չի արել Արցախում ընտրությունները չճանաչելու մասին:

Առանձին պետություններ՝ Վրաստանը, Ուկրաինան (երկու դեպքում էլ պատճառները պարզ են), Կանադան (Երևանում վարչապետ Թրյուդոյին նվիրած եռագույն գուլպաները, ավա՜ղ, չօգնեցին. կատակում ենք, իհարկե) և, բնականաբար, այդ սակավաթիվ «շքերթը» գլխավորող Թուրքիան հանդես եկան Բաքվի տանջահար ականջները շոյող հայտարարություններով: Բայց այստեղ նույնպես կա մի ուշագրավ տեսանկյուն, որի մասին Ադրբեջանում գերադասում են չհիշել:

Փետրվարի սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին հենց Ադրբեջանում: Եվ չնայած երկրում բարձրահունչ ազդարարված «ժողովրդավարական բարեփոխումներին», դրանք անցան նույնքան խայտառակ կերպով, որքան նախորդ բոլոր ընտրությունները: Ահա ուրեմն, կարելի է վստահորեն արձանագրել, որ արևմտյան ոչ մի խոշոր երկիր և միջազգային հեղինակավոր ոչ մի կազմակերպություն դե ֆակտո չընդունեցին այդ ընտրությունների արդյունքները: Հակառակը, Ադրբեջանի վրա քննադատության ու զանգվածային խախտումներում մեղադրանքների տարափ տեղաց: Հիշեցնեմ, որ Եվրամիությունն ընդհանրապես հրաժարվեց դիտորդական առաքելություն ուղարկել՝ հաշատակելով նախորդ «ընտրությունները» և ի սկզբանե ցուցադրելով իր վերաբերմունքը Ալիևի կազմակերպած բալագանի նկատմամբ:

Այնպես որ չէր խանգարի, որ ադրբեջանական կողմը, չարախնդալուց և «Արցախում ընտրությունները չճանաչելու» մասին մի քանի հայտարարություներ հաղթականորեն հրապարակելուց առաջ, փոքր-ինչ մտորեր. որն է ավելի լավ, խայտառակվել աշխարհով մեկ, թե՞ հանգիստ, արժանապատվորեն անցկացնել սեփական ընտրությունները, առանձնակի չսևեռվելով աշխարհի արձագանքի վրա, որը բազում առումներով բավական անմիանշանակ է և բազմաշերտ: Ինչն էլ, ի դեպ, ցույց տվեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որոնք առավել քան լավատեղյակ են գործընթացի ներքին իրավիճակին, ակնարկում են երկու կողմերի համար դրա անմիանշանակության մասին և լռության մատնում այն, ինչի մասին հարկ չեն համարում խոսել: