ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է, ԲԱՅՑ ԱՐԺԵՔԱՎՈ՞Ր

2023-04-04 18:25

ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին Հայաստանի դիտարկվում է որպես տեղերում անվտանգությունը բարձրացնող, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունացմանը նպաստող արժեքավոր գործիք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ռումինիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում։ Միրզոյանը հաղորդել է, որ ինքը և իր ռումինացի գործընկերը քննարկել են երկկողմ համագործակցության թեմաների լայն շրջանակ։ Արտգործնախարարները ստորագրել են 2023-2024 թվականների համատեղ գործողությունների ծրագիր։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։