ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԲԱՔՎԻ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

2024-02-02 09:26

Բաքվի դատարանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության, մերժել է Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը, նրա կալանքը 4 ամսով երկարաձգելու որոշումը մնում է ուժի մեջ։ Նշվում է նաև, որ հայտնի բարեգործին, որին Ադրբեջանում մեղադրում են ոչ ավելի, ոչ պակաս «ապօրինի զինված կազմավորումներ ստեղծելու և դրանց մասնակցելու, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև պետական սահմանի խախտման» մեջ, սպառնում է 14 տարվա ազատազրկում։ Նախքան այս զառանցանքին անդրադառնալը, նշենք, որ Բաքվի դատաբեմադրությունը՝ արդարադատության պահապանների պատմուճաններ հագած ամենատարբեր խեղկատակներով, վաղուց է դարձել իսկական պատժիչ զենք Ադրբեջանի հանցավոր քաղաքական ռեժիմի ձեռքին՝ ոչ միայն սեփական այլախոհ քաղաքացիներին, այլև հաճախ այլազգիներին պատժելու համար, ովքեր կհամարձակվեն ճշմարտությունն ասել շինծու պետության մասին՝ իր բռնապետական կարգերով և միջնադարյան բարքերով։