ՔՍԱՆՅՈԹՈՒԿԵՍ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀՈՒՇՈՒՄ ԼԵՎՈՆԻՑ
Անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հնչեց ամբողջ երեք հակահայկական ելույթ։ «Զավթյալ տարածքների» մասին Մամեդյարովի և Էրդողանի սովորական հեծեծանքներին միացավ Պակիստանի արտգործնախարարը։ Մի կողմ թողնենք այն հարցը, որ ահաբեկչությանն իր ցուցաբերած լայն աջակցությամբ հայտնի հենց այդ պետությունն էր, որ կարող էր հանդես գալ ի պաշտպանություն Ադրբեջանի։ Եվ իհարկե, Պակիստանը չէ, որ պիտի հայ ժողովրդի գլխին բարոյախոսություն կարդա «բռնազավթած տարածքներից զորքերը դուրս բերելու» մասին։ Սակայն խնդիրն այստեղ այլ է. ինչո՞վ պատասխանեց Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Հենց Փաշինյանի, քանզի հայկական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի տեղից տված պատասխանը Մամեդյարովին չի կարող նույն կշիռն ունենալ, ինչ պետության ղեկավարի ելույթը Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։