ԱՐՑԱԽ. ԱՆՈՐՈՇԻ, ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ
Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով Բերձորի միջանցքով Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների (արտասահմանյան ծագում ունեցող ապրանքներ) համաժամանակյա տեղափոխման վերաբերյալ, երեկ տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ծանր հուզական խորապատկերը, որն ակնհայտորեն զգացվում է նույնիսկ պաշտոնական տեքստում, ընդգծված է շրջափակման պայմաններում հացի օրաբաժնի մասին հիշատակմամբ. «ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը»։ Թե ով է Հայաստանում հիշում այդ աղքատիկ 200 գրամի մասին՝ անպատասխան մնացող հարց է…