Последние новости

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի բակում հայտարարեց, թե չի լքելու քաղաքական խրամատը, կարող է հեշտությամբ պաշտոն զիջել, բայց երբեք չի լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։

«Երկու տարի առաջ թխվեց, կարվեց մի քրեական գործ, որի շրջանակում ինձ մի անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան։ Հիշում եք՝ անցյալ տարի հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում դիզելի անհեթեթ գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին», - ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, թե ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել։

«Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները։ Այս ապօրինությունները ոչ միայն իմ նկատմամբ էին, կային շատ ճչացող ապօրինություններ։ Այս հետապնդումները, ինչպես արդեն հրապարակավ ասել եմ, 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը։

Մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Եվ հիմա ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել հետևյալը, որ մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրային լայն արձագանք չունեցան։ Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ, հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին, որպեսզի մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը», - ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Նա նշեց, թե ցանկանում է մի ուղերձ հղել, ուղերձ՝ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի համար։

«Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն նրանք Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախն, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ցավոք, հնարավոր չէր ողբերգությունը կանխել։ Բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը։ Կապիտուլյանտները պետք է հեռանան։

Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին։ Այլ ճանապարհ չկա, այլընտրանք չկա։

Այս 3 տարիների ընթացքում մենք նաև կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, մեր շարքերը բյուրեղացան և մենք այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ, և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար։ Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես քաղաքական խրամատ լքող չեմ, և իմ անցած կյանքում ես ապացուցել եմ, ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը։ Սրանում կարող եք վստահ լինել։ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ», - հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ