Последние новости

Ռիչարդ Կլայդերմանը խոստանում է իր երգացանկում ներառել հայ կոմպոզիտորների գործերը

Աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանն իր հայ երկրպագուների համար մեծ տոն է նախապատրաստում։ Այս մասին երաժիշտն ասել է Երևանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Երաժիշտը հոկտեմբերի 20-ին և 21-ին համերգներով հանդես կգա Երևանում։ Սա նրա երրորդ հայաստանյան այցն է։

Կլայդերմանը խոստովանել է, որ երջանիկ է կրկին Երևան վերադառնալու համար, քանի որ լավ հուշեր ունի այստեղից։ Նրա խոսքով` Երևանյան հանդիսատեսը շատ էմոցիոնալ և ջերմ է։

Համերգային ծրագիրը կտարբերվի նախորդներից. ծրագրում տեղ կգտնեն ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործություններ, չի բացառվում, որ կհնչեն նաև իմպրովիզներ։

Sputnik Արմենիայի թղթակցի հարցին պատասխանելիս` Կլայդերմանն ասել է, որ ապագայում իր երգացանկում կարող է հայտնվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նա չի բացառել նաև համագործակցությունը հայաստանցի երիտասարդ երաժիշտների հետ։

Նշենք, որ հայ հեղինակների ստեղծագործությունները երգացանկում ներառելու ցանկության մասին ֆրանսիացի դաշնակահարը խոսել է դեռ 2017 թվականին` երևանյան իր վերջին այցի ժամանակ։

Մամուլի ներկայացուցիչների համար նա հատուկ կատարեց իր ամենահայտնի ստեղծագործություններից մեկը` «Բալլադ Ադելինայի համար» ստեղծագործությունը, որը գրել է Փոլ դե Սենևիլը։

Ռիչարդ Կլայդերմանը ավելի քան 1200 երաժշտական ստեղծագործություն է ձայնագրել և թողարկել ավելի քան 100 ձայնասկավառակ 90 մլն օրինակով։ Գինեսի ռեկորդների գրքում նրա անուն նշվել է որպես աշխարհի ամենահաջողակ դաշնակահար։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ