Последние новости

Արդեն մեկ ամիս է՝ ադրբեջանցիները հնարավորություն չեն տալիս Էլեկտրահաղորդման գծի վթարը վերականգնվել

Արդեն ավելի քան 20 օր է, ինչ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման օդային գիծը։ Հայաստանից Արցախ մտնող էլեկտրահաղորդման գծի վթարը տեղի է ունեցել հունվարի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին, «ԱրցախԷներգո»-ի համապատասխան սարքավորումներով արձանագրված տվյալների համաձայն` Բերձոր-Աղավնո հատվածում՝ օդային գծի 30-րդ կմ-ի վրա. այդ հատվածն ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է, այսինքն նույնիսկ Լաչինի միջանցքի բացվելու դեպքում առանց ադրբեջանցիների թույլտվության հայ մասնագետները չեն կարող մոտենալ վթարի վայր:

Վթարը հնարավորէ վերականգնել ժամերի ընթացքում, եթե ադրբեջանցիները հայ մասնագետներին թույլ տան մոտենալ տարածքին։

«Դժվար է միանշանակ ասել արդյոք վթարը տեխնիակական է, թե կողմնակի միջամտության արդյունք: Հաշվի առնելով, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանցիները մեզ հնարավորություն չեն տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել, դա հիմք է տալիս կասկածելու, որ արհեստական միջամտություն է եղել: Ընդ որում, վթարը բարդ հետևանքներ չի ունեցել և այն կարելի է վերականգնել ժամերի ընթացքում»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով, այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց դրա հնարավորությունները սահմանափակ են, և եթե այս իրավիճակը պահպանվի, լուրջ խնդիրներ են առաջանալու։ «Հաշվի առնելով, որ մենք այսօր Հայաստանից հոսանք չենք ստանում և մեր սպառումը ապահովում ենք տեղական արտադրող կայանների հաշվին, և հաշվի առնելով Սարսանգի ջրամբարից օգտվելու հնարավորությունների սահմանափակ լինելը, անցել ենք հովհարային անջատումների: Հաշվարկելով ջրի պաշարներն ու մեր սպառումը, կազմել ենք հովհարային անջատումների գրաֆիկ: Սկզբում անջատում էինք օրական երկու ժամ, հետո՝ 4 ժամ, հետո՝ 6 ժամ: Չի բացառվում, որ առաջիկայում նորից ստիպված լինենք վերանայել անջատումների ժամանակացույցը, դա կախված է ջրի պաշարներից ու մասնագետների հաշվարկներից»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ հովհարային անջատումները բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա. «Հովհարային անջատումներից բացի անջատել ենք խոշոր ընկերությունների էլեկտրամատակարարումը, նրանց ընդհանրապես ցանցից հանել ենք՝ բեռի թեթևացման պատճառով: Գնալով այդ ազդեցությունն ավելի շոշափելի է դառնալու»։

Բացի այդ, այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար դադարեցնում է նաև Արցախ գազամատակարարումը, և ամբողջ բեռը դրվում է էլեկտրաէներգիա արտադրող ռեսուրսների վրա: Ջեռուցման հետ կապված խնդիրներ են առաջանում դպրոցներում, հիվանդանոցներում, տներում:

«Սա հումանիտար լուրջ հետևանքներ է ունենում: Երբ ամբողջ բեռն ընկնում է այս համակարգի վրա, առաջանում են մեծ վթարներ: Ձմռան ցուրտ պայմաններում համարյա 2,5-3 անգամ ծանրաբեռնվածությունն ավելանում է: Ստացվում է, որ հովհարային անջատումներից բացի, օդային գծերի գերծանրաբեռնված լինելու հետևանքով առաջացած վթարների պատճառով, որոշ ժամերի մարդիկ կրկին հոսանք չեն ունենում»,– ասաց Խաչատրյանը:

Էլեկտրաներգիայի ունեցած սահմանափակ ռեսուրսների պատճառով հիվանդանոցների, գիշերօթիկ հաստատությունների, տարեցների խնամքի և նման այլ հաստատությունների բնականոն աշխատանքի ապահովումը նույնպես մեծ դժվարությամբ է իրականացվում: Ձեռնարկվում են այլընտրանքային միջոցներ՝ սոցիալապես խոցելի խմբերի կենսական նվազագույն պայմանները ապահովելու համար:

Նշենք, որ նախկինում էլ, էներգամատակարարման համակարգում, և առհասարակ, ենթակառուցվածքներում արձանագրվում էին նմանօրինակ խնդիրներ, որոնք կարգավորվում էին ռուս խաղաղապահ զորակազմի հետ բանակցությունների արդյունքում: Ադրբեջանական կողմը առ այսօր խաղաղապահների հետ կենսական նշանակության այս հարցի շուրջ չի բանակցում՝ միտումնավոր խորացնելով Արցախի էներգետիկ ճգնաժամը: Այս վիճակը, երկար շարունակվելու դեպքում, ծանր հետևանքների է հանգեցնելու Արցախի շուրջ 120 000 հայ բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների համար՝ խաթարելով նրանց բնականոն կենսագործունեությունը, խախտելով մարդու մի շարք հիմնարար իրավունքներ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ