Последние новости

Մամիջանյան․ Թույլ չենք տա, որ դուք լինեք Հայաստանի վերջին վարչապետը

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման հնգամյակը կարելի է վերնագրել «արյունոտ հնգամյակ»: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Դուք իշխանության եկաք դատարկ դագաղներով, բայց ձեր պաշտոնավարման ընթացքում այդ դագաղների մեջ հանգչեցին տղերք, որոնք ինձանից ու ձեզանից հազար անգամ ավելի լավն էին, որովհետև իրենք ամենաթանկն են տվել հայրենիքին՝ կյանքը, ու տվել են նրա համար, որ Խաչատուր Սուքիասյանն այս ամբիոնից հայկական բանակը անվանի ոչ հայկական», - ասաց Մամիջանյանը:

Նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ձախողել է ամենակարևոր առաքելություններից մեկը. «Արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախի հանձնման մեղքը գցել նախկին իշխանությունների, Մադրիդյան սկզբունքների, միջազգային հանրության վրա: Այսպես որ շարունակվի՝ կարող է Տիգրան Մեծին մեղադրելուն էլ հասնեք»:

«Եթե մադրիդյան սկզբունքներն այդքան վատն էին, ինչո՞ւ Ադրբեջանը դրանց չհամաձայնվեց: Ուզում եք ասել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Ղարաբաղը տալիս էին, իսկ հայր ու որդի Ալիևներն ասացին՝ «չէ, չենք ուզում, թող Փաշինյանը գա, այ իրենից կվերցնենք»: Հայաստանի ոչ մի նախագահ երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում։ Նախագահ Սարգսյանը երբեք ժողովրդից չի թաքցրել փոխզիջումների անհրաժեշտությունը, այդ դուք եք, որ ասում էիք՝ թավշյա հեղափոխությունը կբերի Արցախի ճանաչմանը, զրոյական կետից էիք բանակցում», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Հայկ Մամիջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զգուշացրեց՝ չհամարձակվի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի մասին խոսել «այդ բառամթերքով»:

«Մեզ փորձում են ներչնշել, որ մեզնից ոչինչ կախված չէ, մեզ փորձում են ներշնչել, որ մենք ոչինչ չենք կարող անել ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թշնամու դեմ, մեզ համոզում են դառնալ մեր ամենանվիրական նպատակների ու երազանքների դաժան սպանության լուռ վկան», - ասաց նա:

Մամիջանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հիշո՞ւմ եք, որ ասում էիք՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա». մեր բոլորի, ՀՀ բոլոր քաղաքացիներիս մեղքն է, որ Դուք այդպիսին դարձաք, դարձաք վարչապետ, բայց մենք հաստատ թույլ չենք տա, որ Դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը: Մենք Ձեզ հեռացնելու ենք իշխանությունից այն քաղաքացիների հետ, որոնց 2018 թվականին Դուք խոստացաք ավելի լավ կյանք, բայց բերեցիք ցավ ու դժբախտություն: Հայաստանի ու Արցախի անվտանգ ու բարեկեցիկ ապագային խանգարում է մեկ մարդ և այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ Փաշինյան», - հավելեց Հայկ Մամիջանյանը:

Նրա ելույթից հետո կրքերը թեժացան, ՔՊ-ականները տեղից կոչ արեցին Մամիջանյանին «դուք»-ով խոսել: Դահլիճում վիճաբանություն սկսվեց ՔՊ-ական և ընդդիմադիր պատգամավորների միջև: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կոչ արեց Մամիջանյանին այսուհետ հարգալից արտահայտվել ՀՀ ընտրված վարչապետի մասին խոսելիս և «դու»-ի փոխարեն օգտագործել «Դուք» հարգալից դիմելաձևը. «Կարծում եմ՝ դպրոցում ձեզ դա պետք է սովորեցրած լինեին»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ