Последние новости

ԱԺ պատգամավոր․ ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան Հայաստանում

ԵԱՏՄ ոչ մի երկրում դիզվառելիքի գինն այնքան բարձր չէ, որքան Հայաստանում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ըստ նրա` իշխանությունների անգործության արդյունքում ուղիղ վնաս է հասցվում քաղաքացու գրպանին։

«Վերջին ամիսներին առանց տնտեսագիտական հիմնավորումների թանկանում է դիզվառելիքը։ Հեղուկ գազի արժեքը 160 դրամից դարձել է 220 դրամ, իսկ բենզինի պրեմիում տեսակի 1 լիտրը հատել է 570 դրամի սահմանը։ Սա վկայում է ոլորտում վերահսկողության լիակատար բացակայության մասին։ Հարցով նախևառաջ պետք է զբաղվեր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, մինչդեռ ոչ միայն չի ուսումնասիրվում գնաճի պատճառները, այլև հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ իրենց պատկերացմամբ` ՀՀ-ում բենզինի գները դեռ մի բան էլ ցածր են»,– ընդգծեց նա։

Պատգամավորը չի բացառում, որ ՄՊՀ նախագահի այս արտահայտությունն էլ առիթ է տվել բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ ավելի բարձրացնել բենզինի արժեքը. «Ի դեպ, խնդրահարույց է նաև դիզվառելիքի և բենզինի ոչ միայն գինը, այլև որակը, ինչը վկայում է ոլորտի բարձիթողի վիճակի մասին: Կան մտավախություններ, որ առաջիկայում կբարձրանա նաև գազի գինը: Այս իրավիճակը ոչ թե օբյեկտիվ գործոններով է պայմանավորված, այլ իշխանությունների անգործության հետևանքով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա հիշեցրեց ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը. «Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր` եթե բենզինի գինը բարձրանում է, եկեք բրդեք մեքենաները, կարագը թանկացել է, եկեք խառը կանաչի ուտենք: Ելույթի վերջում հեգնական տոնով շնորհակալություն էր հայտնում նախորդ իշխանություններից անհոգ և երջանիկ իրականության համար:

Եվ սա ասում է մի մարդ, որի օրոք անկում են ապրում գրեթե բոլոր ոլորտները ու կանգնել ենք անվտանգային նոր մարտահրավերների առաջ»,– հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ