Последние новости

«Ժողովուրդ». ԳԵՆԵՐԱԼ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ ԿՄՆԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԻ ԲՈՂՈՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոքը վարույթ ընդունել։ Նշենք, որ գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Այդ մերժումը նշանակում է, որ գեներալը կմնա ազատության մեջ։

Հիշեցնենք, որ Վարդապետյանը պահանջում էր վերացնել ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը և կալանավորել գեներալին։

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեկտեմբերի 2-ին ազատ էր արձակվել 9-ամսյա կալանքից՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաև վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը պետք է տանը լինի։

Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն «Ազատությանն» ասաց՝ դատավորն այս որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ «Այն, որ մարտ ամսից է կալանավորված, այն, որ 9 ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել, այն, որ մայիսին սկսած դատաքննությունը դեռ նախնական դատալսումներ են, այն, որ 90 հոգի վկա դեռ կա լսելու, այն, որ 60 հատոր գործ կա, այն, որ նիստերը 2 շաբաթը մեկ են, այն, որ վաղեմության ժամկետին մնացել է երկու ամիս», – ասել է նա:

46-ամյա Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար. այս գործով մեղադրյալի աթոռին են ևս 12 հոգի, նրանց թվում՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Խաչատուրովը երրորդ բանակային կորպուսի հրամանատարն էր։ 2020 թվականի օգոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան լոկալ մարտերի համար նա պարգևատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով ու գեներալ-մայորի կոչում ստացավ։ Արդեն 44-օրյա պատերազմից հետո նա միացավ մոտ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներին, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Այս պահանջից ամիսներ անց նրան ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Գործը, որով անցնում է Խաչատուրովը, առնչվում է Արարատի մարզում ժամանակին Պաշտպանության նախարարությանը պատկանած հողամասի ու շինության վաճառքին։ Պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու համար գործարքների մանրամասներն ամիսներ առաջ խորհրդարանում ներկայացրել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ այդմ՝ ռազմական գերատեսչությունն 8 տարի ղեկավարած Օհանյանը իրավունք չուներ օտարել պետության գույքը, բայց դրանք փաստացի վաճառվել են զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով, իսկ վերջինս էլ դրանք բանկում գրավադրել է 18 միլիոնով։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ