ՊԱՊԻԿՅԱՆԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՎՈՅԱԺԸ. ՓՈՐՁԱԳԵՏԸ ՆՇԵԼ Է ՀՀ–Ի ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երկրի համար անվտանգության որոշակի ռիսկերի աճ է զգում և փորձում է հնարավորինս շատ խաղացողներ ներգրավել այդ ռիսկերը կասեցնելու և շահերի հավասարակշռություն ստեղծելու համար։ Քաղաքագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Իրան։
Գերատեսչության ղեկավարը վերջին օրերին գրեթե աննախադեպ ռազմադիվանագիտական ակտիվություն է դրսևորում։ Ավելի վաղ Երևանում նա ընդունել էր նախ ֆրանսիացի, ապա հույն գործընկերոջը: Իսկ մարտի 6-ին ինքն էր պաշտոնական այցով մեկնել Թեհրան։
Հարությունովի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները նկատելի մերձեցում են ցուցադրում ավանդաբար բարեկամական պետությունների և հնարավոր գործընկերների հետ: Ֆրանսիան այս շարքում համեմատաբար նոր գործընկեր է համարվում ռազմական ոլորտում, իսկ մյուսների հետ Հայաստանը վաղեմի հարաբերություններ ունի։ Հունաստանի հետ, օրինակ, արդեն տևական ժամանակ է` համագործակցություն է կառուցվում ռազմական կրթության, հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունների և այլ ոլորտներում:
Իրանի պարագայում, ըստ քաղաքագետի, դեռ պետք է հաշվի առնել Հայաստանի համար այդ երկրի առանցքային դերը հաղորդակցությունների, տնտեսության և այլնի առումով: Պապիկյանի այցը Թեհրան կարելի է համարել Հայաստանում Արևմուտքի ակտիվության վերաբերյալ իրանական կողմի մտահոգությունները մեղմելու կամ փարատելու փորձ: Իսլամական Հանրապետությունը չի թաքցնում իր դժգոհությունը տարածաշրջանային գործերում երրորդ ուժերի ներգրավումից։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ հայտարարել է նրա իրանցի գործընկերը։
Ինչ վերաբերում է Իրանի հետ համագործակցության ռազմատեխնիկական կողմին, ապա պետք է հասկանալ, որ այն սպառազինության և ռազմական տեխնիկայի առանձին տեսակների զարգացման հսկայական ներուժ ունի։ Դա և՛ տպավորիչ անօդաչու ավիացիայի ստեղծումն է, և՛ հրթիռային արդյունաբերության զարգացումը։ Իսլամական Հանրապետությունը խորհրդային/ռուսական ռազմական տեխնիկան սպասարկելու մեծ փորձ ունի։
«Պատժամիջոցների և մեկուսացման տարիների ընթացքում Իրանը կարողացել է սեփական հզոր տեխնիկական և արդյունաբերական բազան ստեղծել սպառազինության ամենատարբեր տեսակների արդիականացման համար։ Էլ չեմ խոսում այն անգնահատելի մարտական փորձի մասին, որ իրանական ուժերը, նրանց «պրոքսիները» ձեռք են բերել ամենատարբեր կոնֆլիկտային կետերում անօդաչու թռչող սարքերի կիրառման գործում։ Դա վերաբերում է և՛ Իրաքին, և՛ Սիրիային, և՛ Եմենին։ Այդ տեսանկյունից հայկական կողմը շատ բան կարող է ստանալ հարավային հարևանից» – վստահ է Հարությունովը։
Այլ հարց է, թե որքան հեռու են պատրաստ գնալ Հայաստանի իշխանությունները Իրանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցում՝ այդ երկրի դեմ արևմտյան պատժամիջոցների պայմաններում։ Երևանը միշտ զերծ է մնացել Թեհրանի հետ լ ռազմական լուրջ նախագծերից՝ վախենալով ԱՄՆ-ի և ԵՄ-ի երկրորդային պատժամիջոցների տակ ընկնելուց։
Տեսականորեն Հայաստանը հիմա կարող է անտեսել այդ ռիսկերը, երբ իր համար սպառնալիքներն ավելի ու ավելի են մեծանում։ Բայց սեփական ընդգծված արևմտամետ դիրքորոշման և հռետորաբանության ֆոնին Երևանի համար դժվար կլինի անել դա։
Ռազմական ոլորտում Իրանի հետ աշխատանքը, քաղաքագետի դիտարկմամբ, համակարգային հակասություն ունի ներկայիս արևմտամետ ուղղվածության հետ։
Հարությունովը միաժամանակ լուրջ, նույնիսկ ռազմավարական սխալ է որակում պաշտոնական Երևանի կողմից ռուսական վեկտորի մեկուսացումը: Նա համոզված է, որ Հայաստանը ունեցել է և ունի ռեսուրսներ, որպեսզի աշխատի Արևմուտքի հետ՝ միաժամանակ չսրելով հարաբերությունները ՌԴ-ի հետ։
«Իհարկե, անվտանգության երաշխիքները, որոնք պատմականորեն տալիս էր Ռուսաստանը, այսօր մի շարք պատճառներով ճգնաժամի մեջ են։ Այդ երաշխիքները հստակեցնելու և վերանայելու անհրաժեշտություն կա։ Երևանը կարող էր դա անել առանց քաղաքական աղմուկի և քարոզչական արշավի, փակ ռեժիմով, ներքին քննարկումների միջոցով։ Բայց մենք տեսնում ենք բաց և ընդգծված հակամարտություն։ Իսկ օգտագործվող հռետորաբանությունն է՛լ ավելի է սրում այդ հակամարտությունը»,- պարզաբանեց Հարությունովը։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի ղեկավարությունն ակնկալում է Արևմուտքից անվտանգության ոլորտում աջակցություն ստանալ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման դիմաց: Բայց խնդիրն այն է, որ այդ արևմտյան երաշխիքները մինչև հիմա այնքան լուրջ և արդյունավետ չեն, որպեսզի զսպեն ադրբեջանական և թուրքական հնարավոր ագրեսիան: Իսկ դա նշանակում է, որ մանևրելու և բալանսի պահպանման քաղաքականությունը Հայաստանի համար այլընտրանք չունի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 14:02
Католикос Всех армян Гарегин Второй 17 мая по приглашению Российской и Ново-Нахичеванской епархии Армянской Апостольской церкви отбыл в столицу Беларуси Минск.
-
2025-05-17 14:00
Встреча президента РФ Владимира Путина и Владимира Зеленского возможна при достижении определенных договоренностей делегаций двух стран. Об этом заявил журналистам пресс-секретарь российского лидера Дмитрий Песков.
-
2025-05-17 13:55
Полиция МВД Армении по горячим следам раскрыла убийство молодого человека в Лорийской области.
-
2025-05-17 13:54
Посольство Азербайджана в Вашингтоне, его лоббисты из фирмы Podesta и Госдепартамент США вступили в сговор с целью сорвать запланированный визит 2014 года в Арцах председателя Комитета по международным делам Палаты представителей, конгрессмена Эда Ройса. Об этом сообщает Армянский национальный комитет Америки (ANCA) со ссылкой на документы, опубликованные в соответствии с Законом о свободе информации (FOIA).