Последние новости

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ ԱՍՈՒԼԻՍԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ ասուլիսը նվիրված է լինելու Սյունիքի հանձնմանը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

 

Նա չբացառեց, որ իշխանությունները կարող են փորձել հղում անել ինչ-որ թղթի` իրենց գործողություններն արդարացնելու համար։ Խաչիկյանը նշեց, որ Տավուշի մարզի գյուղերի հանձնումը կնշանակի Ադրբեջանի վերահսկողություն Երևան-Թբիլիսի մայրուղու վրա, իսկ Տիգրանաշենի հանձնումը կնշանակի փակել Հայաստան-Իրան ավտոճանապարհը։

Նրա կարծիքով՝ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Ռուսաստանը կարող է փակել Վերին Լարսի անցակետը, զուգահեռաբար խոսվում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին՝ առանց իրական այլընտրանքի։

Փորձագետը ենթադրեց, որ Հայաստանը կարող է հայտնվել շրջափակման մեջ, ինչպես 100 տարի առաջ։ «Այն ժամանակ մենք էլի հավատացինք ամերիկացիներին ու բրիտանացիներին, բայց վերջում թուրքերն ու ռուսները մեզ բաժանեցին։ Հիմա կիսելու բան չկա։ Թուրքիան ցանկանում է, որ մենք հրաժարվենք մեր անցյալից, Հայոց ցեղասպանության ճանաչումից, մենք ոչնչացվում ենք որպես ժողովուրդ»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ Սյունիքի հնարավոր հանձնումից հետո Հայաստանը կդառնա նոր Ղարաբաղ՝ շրջապատված Ադրբեջանով ու Թուրքիայով, որից հետո հայերին կարող են թույլ տալ հեռանալ, ինչպես եղավ Ղարաբաղում։

«Հետագայում ադրբեջանցիների՝ Հայաստանում հաստատվելու պահանջներ կլինեն, հետո կասեն, որ Երևանը երբեք հայկական չի եղել, այնտեղ ադրբեջանցիներ են ապրել»,- ընդգծեց Խաչիկյանը։

Նրա խոսքով, մինչ պատերազմը իշխանությունները ստում էին բանակցությունների ընթացքի մասին, պատերազմի ժամանակ ստում էին, թե հայկական կողմը հաղթում է, իսկ պատերազմից հետո կեղծ թեզ էին առաջ քաշում խաղաղության դարաշրջանի մասին, հետո սկսեցին խոսել նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին. «Հետո Պրահայում Հայաստանի իշխանությունները հանձնեցին Ղարաբաղը, սակայն դրա դիմաց երաշխիք չստացան, որ Ադրբեջանը Հայաստանին ոչ մի պահանջ չի առաջադրի։ Ես սա հանցագործություն եմ համարում»,- պարզաբանեց քաղաքագետը։

Արթուր Խաչիկյանը վստահություն հայտնեց, որ իշխանությունները «կատարում են օտարերկրյա պետությունների պատվերը՝ հանձնել Հայաստանը և դուրս բերել Ռուսաստանը տարածաշրջանից»։ «Նրանք փորձում են Հայաստանին թշնամացնել նաև Իրանի հետ, որը դեմ է ԵՄ դիտորդների ներկայությանը։ Իշխանությունները միտումնավոր վարում են մեր ժողովրդի շահերին հակասող քաղաքականություն»,- եզրափակեց նա։

Նշենք, որ օրերս Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին ասել էր, որ չնայած Փարիզի ու Թեհրանի լուրջ տարաձայնություններին, նրանք լիակատար փոխըմբռնում ունեն Հայաստանին աջակցելու հարցում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ