Последние новости

Ադրբեջանցիները հեռացրել են Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղում գտնվող Արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224թ արձանագիր խաչքարը, հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։

«Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ անարդյունք մնացին։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ ենթադրելի է, որ հայկական խաչքարագործության այս եզակի օրինակը ոչնչացված է»,- հայտնում է գիտահետազոտական կենտրոնը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականը քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։ Փետրվարի 29-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ոչնչացրել է բռնազավթված Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը:

Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին:

2023 թվականի հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտնել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության։ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։

Armenia Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ